Արագած գյուղի բնակիչները բացել են առավոտից փակված Երևան-Վանաձոր մայրուղին. ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է(թարմացված, լուսանկարներ)
16:54
Արագած գյուղի բնակիչները մարզպետ Դավիթ Գևորգյանի և ոստիկանների ուղեկցությամբ գնացել են ՀԷԿ՝ բանակցելու, ինչից հետո որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել Գեղարոտ գետի վրա գործող երկու ՀԷԿ-ի աշխատանքները:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ակցիայի մասնակիցները:
Դրանից հետո միայն բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են բացել միջպետական ճանապարհը: 5 օր անց Արագած գյուղում մարզպետի, ՀԷԿ-երի ներկայացուցիչների և գյուղի բնակիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու:
15:23
Արագածի բնակիչները մարզպետի հետ համաձայնության չեն եկել. Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին շարունակում է փակ մնա
Մարզպետը եկավ, խոսեց բնակիչների հետ, սակայն բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։
«Մարզպետը բնակիչներին ասաց, որ հենց վաղվանից էլ կսկսեն ուսումնասիրություններ անել ՀԷԿ-ում, տեսնեն՝ դրա աշխատանքը վնասու՞մ է գյուղերին, թե՞ ոչ, սակայն բնակիչները պնդեցին, որ ՀէԿ-ի աշխատանքը պետք է դադարեցվի և վերջ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բնակիչները ասել են, որ մինչև ՀէԿ-ի գործունեությունը չդադարեցվի, իրենք չեն բացի Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։
Հենրիկ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 4 ամիս առաջ, գյուղի բնակիչները դարձյալ թույլ չեն տվել նախարարությունների ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել ՀէԿ-ում. «Ժողովուրդը պնդում է՝ ՀԷԿ-ի աշխատանքը վնաս է գյուղին ու վերջ, ոչ մի ուսումնասիրություն»։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։
13:22
Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 4 ամիս առաջ բնակիչների պահանջով ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր, երեկ աշխատանքը վերականգնվել է, որն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը. «Ժողովուրդը դժգոհում է, որ ուսումնասիրություն չի արվել, նրանց չեն տեղեկացրել աշխատանքի վերականգնման մասին։ Մի խոսքով՝ անելանելի վիճակ։ Երեկվանից են հավաքվել են, պահանջում են, որ մարզպետը, տարածքային կառավարման նախարարը գան, լսեն նրանց»։
Հենրիկ Հովհաննիսյանը նշեց նաև, որ Ապարանի համայնքապետը բնակիչներին տեղեկացրել է՝ մարզպետը գալիս է նրանց հետ հանդիպման։














