Գազավորված ըմպելիք արտադրողները դադարեցնում են ակցիան, վաղը հանդիպելու են փոխվարչապետի հետ
12:28
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքներ արտադրողները, որոնք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ, դադարեցնում են իրենց ակցիան:
Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սահակյանը և առաջարկեց վաղը տարբեր ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Կախված այդ հանդիպման արդյունքից՝ ըմպելիք արտադորղներն իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն: «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ եթե վաղվա հանդիպմանը համաձայնություն ձեռք չբերվի, ապա իրենք հինգշաբթի` կառավարության նիստի օրը, կրկին ավելի մեծ թափով բողոքի ակցիաները կշարունակեն:
10:31
Գազավորված ըմպելիքներ արտադրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց, նրանք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:
Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:










