Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում ԻՊ ահաբեկիչների ճամբար են գրավել

18:23 • 19.03.19

Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալներն իրենց ենթակայության տակ են առել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ճամբարներից մեկը, որը տեղակայված է Եփրատի արևելյան ափին գտնվող Էլ Բաղուզ բնակավայրի մոտակայքում։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, տարածքում գործող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման մամուլի ծառայության ղեկավար Մուսթաֆա Բալին նշել է, որ ԻՊ ահաբեկիչների մի մասը հանձնվել է իրենց, մի մասն էլ թաքնվել է ստորգետնյա բունկերներում։

Բալին տեղեկացրել է, որ Եփրատի ափին ԻՊ-ի վերջին դիրքերի գրավմանն ուղղված գործողությունը շարունակվում է, ըստ խոսնակի՝ վերջին ԻՊ-ականներին չեզոքացնելը երկար ժամանակ չի պահանջի։

«Դրանք վարձականներ են, որոնք հրաժարվում են վայր դնել զենքն ու նախընտրում են մահանալ կռվի դաշտում», - ասել է Բալին։