Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի. ԱԳՆ խոսնակ

13:11 • 21.03.19

Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ խորհրդի վերոնշյալ նիստի ժամկետ այս պահին չի կարող նշել:

ԱԳՆ խոսնակին Tert.am-ը հիշեցրել էր, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ակնկալում է, որ մինչև մարտի վերջ Հայաստանը կներկայացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը և հետաքրքրվել՝ արդյոք ժամկետների մեջ տեղավորվու՞մ են, ե՞րբ է նախատեսվում ներկայացնել այն, արդեն հայտնի՞ են համաձայնագրի կիրարկման մեկնարկի ժամկետները:

Ամբողջական պատասխանը ներկայացնում ենք ներքևում․

«2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերստեղծվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որի համակարգմանն էին վերապահվել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակումը և ոլորտային մոտարկման գործընթացի իրականացումը։ Միջգերատեսչական հանձնաժողովը վերջնականացրեց վերոնշյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որն ուղարկվեց ԵՄ կողմին՝ համաձայնեցման։ Այնուհետև ԵՄ կողմն ուղարկեց ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ իր նախնական նկատառումները։ Ներկայումս հայկական կողմը վերջնականացնում է ԵՄ կողմի նկատառումներին իր պատասխան նկատառումները մշակելու գործընթացը։ Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ճանապարհային քարտեզը կհաստատվի ՀՀ և ԵՄ կողմից։ Ծրագրերը վերաբերում են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը, ոլորտները բազմազան են: Ընդհանրապես նշեմ, որ ԵՄ-ի հետ օրակարգը բավական հագեցած է, դրական դինամիկայի մեջ է, ԵՄ օժանդակությունը Հայաստանին զգալիորեն աճում է»:

 

 

 

Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի. ԱԳՆ խոսնակ