«6-րդ վարչության աշխատակիցները մտել են Արմաշի ալյուրի գործարան». սեփականատիրոջ խոսքով՝ աշխատակիցներին քննելու ընթացքում ահաբեկել և ծեծել են
Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակից ուսումնասիրություններ է կատարել Արմաշի ալյուրի գործարանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Գրանում» հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը:
Նախ նա նշեց, որ գործարանը հոլդինգի մեջ է մտնում, ապա ներկայացրեց, թե ինչ է կատարվել: «12-ից մեկը ոստիկանական համազգեստով և զինված է եղել, մնացածը՝ կոստյում-շալվարով: Անցած հինգշաբթի օրն են եկել և եկել են 3 օր առաջ նաև, ներկայացել են, որ իրենք 6-րդ վարչության աշխատակիցներ են, ունեն ահազանգ, որ մեզ մոտ աշխատավարձի մեջ կատարվում է տարբերություններով վճարում, և իրենք պարտավոր են քննել աշխատակիցներին:
Ես տեղ եմ հատկացրել, իրենք քննություն են կատարել: Իբր ես եկամտահարկ եմ թաքցրել, բայց եթե թաքցրել եմ, ես շահութահարկ վճարող եմ, այնտեղից չտված՝ այնտեղ եմ վճարել, ի՞նչ տարբերություն»,- նշեց նա:
Սեփականատիրոջ խոսքով՝ 6-րդ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են 2016-2018 թթ.-ների վճարումները: Նրա տեղեկացմամբ՝ հոլդինգի ձեռնարկություններում 500-ից ավելի մարդ է աշխատում:
««Միլիցիայի» Վեդիի բաժանմունքից թաղայինների, գյուղապետերի միջոցով, բոլոր լծակներով իմ աշխատակիցներին աշխատանքից հետո տարել են, քննել են մինչև 22:30: Ու աշխատակիցներն առանց պաշտպանության են եղել, ահաբեկել են նրանց, անգամ մարդ են ծեծել քննելուց: Ասել են՝ մենք ունենք ճիշտ տեղեկություն, եթե դու հիմա ճիշտ չգրես, 2.5 մլն քեզանից գումար ենք բռնագանձելու, արդեն քո ընկերոջը տարել են 6-րդ վարչություն և այլն: Իսկ այդ սենյակում, ինչ ասես, կարող են գրել, գործ են «կարում»»,- նշեց Գուրգեն Նիկողոսյանը:










