Իդեալական պրակտիկայի ծրագիր․ քննարկում՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի և «Ֆիլիպ Մորրիս Հայաստան» ընկերության նախաձեռնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

18:09 • 02.04.19

Արդեն 5-րդ տարին է, ինչ «Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանում մեկնարկում է վճարվող ASPIRE պրակտիկայի ծրագրի հավաքագրումը (ծրագրին մասնակցել ցանկացող նորավարտ մասնագետներն ու վերջին կուրսերի ուսանողները կարող են անցնել հետևյալ հղումով):

Պրակտիկայի փորձառությունը լավագույնս զարգացնելու նպատակով Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան և «Ֆիլիպ Մորրիս Հայաստան» ընկերությունը կազմակերպել էին «Հայաստանում փորձնակության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրների քննարկում» թեմայով հանդիպումը:

Քննարկման ընթացում HR և կրթական ոլորտների մասնագետները, բիզնեսի ներկայացուցիչները, հայաստանյան տարբեր բուհերի դասախոսներն ու ուսանողները մշակեցին մեխանիզմներ, որոնք կօգնեն էլ ավելի սերտացնել փորձնակ-գործատու կապը, ինչպես նաև քննարկել և հասկանալ՝ որքանով են փոխկապակցված բիզնեսը և կրթական ոլորտը Հայաստանում։ Մասնակիցները կազմել էին 3 խումբ։ Յուրաքանչյուր խումբ քննարկեց և առանձնացրեց փորձնակ-գործատու հարաբերություններում առկա որոշ խնդիրներ։ Խմբերի քննարկումների արդյունքների հիման վրա էլ հանդիպման ավարտին կազմվեց անելիքների հստակ պլան այդ խնդիրները լուծելու համար։

Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանն ասում է՝ գործատու-ուսանող-ուսումնական հաստատություն եռանկյունում խնդիրները բազմազան են ու բազմաթիվ, իրենց նպատակն է օգնել ինչ-որ չափով լուծելու դրանք։ Հենց այդ խնդիրների լուծմանն են ուղղված նմանատիպ նախաձեռնություններն ու բազմակողմ այս քննարկումը։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանն էլ գործատուներից, մասնագետներից և ուսանողներից կազմած խմբի աշխատանքը կարևոր և արդյունավետ է գնահատում։

Ասում է՝ քննարկման արդյունքում վեր հանվեց 4 շատ կարևոր հարց․ «Առաջին հարցը համալսարաններին է վերաբերում։ Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչ պետք է անեն համալսարանները, որ իրենց ուսանողները դառնան լավ, ցանկալի փորձնակներ։ Երկրորդը՝ մենք քննարկեցինք՝ ինչ պետք է անեն մարդկային ռեսուրսների մասնագետները, որպեսզի օգնեն այս ուսանողներին արագ ինտեգրվել աշխատանքային խումբ։

Երրորդ հարցը, որ քննարկեցինք, այն էր, թե ինչ պետք է անի պետությունը, որ փորձնակների ինստիտուտն ավելի լավ զարգանա Հայաստանում, այսինքն՝ այստեղ խոսքը օրենսդրական բացերի մասին է։ Եվ վերջապես՝ չորրորդ հարցը հենց գործատուներին էր վերաբերում։ Պետք է այնպես անել, որ գործատուները փորձնակներին չվերաբերվեն որպես էժան կամ անվճար աշխատուժի, որին կարելի է տալ տեխնիկական առաջադրանքներ»։

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանում կա անջրպետ կրթական սեկտորի և բիզնեսի միջև։ Շեշտում է՝ այս խնդիրը հրատապ լուծման կարիք ունի․ «Շատ ուրախալի է, որ կան մարդիկ, որոնք իրենց նախաձեռնությամբ անդրադառնում են նման բարդ խնդիրների։ Կա փորձնակների աշխատանքի մոդել, սակայն այսօրվա քննարկման ժամանակ մենք վեր հանեցինք այս մոդելում առկա որոշակի խնդիրներ։

Մեր նպատակն այն է, որ փորձնակների այդ մոդելը վերածենք իսկապես աշխատող մոդելի։ Հենց սա էլ կլուծի մեր հիմնական խնդիրը՝ կվերացնի կրթության և աշխատանքային շուկայի միջև առկա անջրպետը և կձևավորի անձի զարգացման միջավայր, որովհետև Հայաստանի ապագան աշխատուժի նպատակային օգտագործումն է»։

«Ֆիլիպ Մորրիս Հայաստան» ընկերության զարգացման ծրագրերի ղեկավար Նինա Գրիգորյանն էլ ընդգծում է՝ նորավարտ ուսանողներն ունեն ակադեմիական գիտելիքներ, սակայն չունեն աշխատանքային փորձ, հետևաբար այս նախաձեռնությունների միջոցով ցանկանում են օգնել նրանց՝ տեսականին զուգահեռ գործնական գիտելիքներ ձեռք բերելու։

Ուսանողներին օգնելու և տեսական գիտելիքներն իրական կյանքում օգտագործելու հնարավորություն տալու համար էլ արդեն 5-րդ տարին է՝ «Ֆիլիպ Մորրիս Հայաստան» ընկերությունն անցկացնում է «Aspire» կարիերայի կառուցման վճարվող պրակտիկայի ծրագիրը։ Այն ուսանողներին ու նորավարտ մասնագետներին հնարավորություն է տալիս իրականացնել կոնկրետ նախագիծ՝ ստանալով անհրաժեշտ աջակցություն և փորձել սեփական ուժերը տարբեր ոլորտներում․

«Aspire» ծրագրին մասնակցելու մրցույթը մեկնարկում ենք այսօր։ Մինչև մայիսի կեսը ակնկալում ենք ուսանողների դիմում-հայտերը։ Ծրագիրը մեկնարկում է հունիսից և տևելու է մինչև դեկտեմբեր։ Ավելի մանրամասն ներկայացված է Staff.am, Jobfinder.am կայքերում կամ #ASPIREARMENIA, #PMAINTERN հեշթեգերով»։

Նինա Գրիգորյանի խոսքով՝ ծրագիրը շահավետ է և՛ ուսանողի, և՛ ընկերության համար։ Ասում է՝ իրենք պատրաստ են օգնելու ուսանողին կամ սկսնակ մասնագետին՝ հմտանալու որևէ գործում՝ անկախ նրանից՝ նրանք կմնան ընկերությունում, թե կշարունակեն իրենց գործունեությունն այլ տեղ․

«Ծրագրի անցկացման այս 5 տարիների ընթացքում մեր ցուցանիշները բավականին բարձր են եղել․ տարվա ընթացքում փորձնակների գրեթե 70 տոկոսը մեզ մոտ անցնում է մշտական աշխատանքի»։