Ուկրաինայի հանրային հեռուստաալիքը պատրաստ է Պորոշենկոյի և Զելենսկիի բանավեճը մարզադաշտում կազմակերպել

16:08 • 04.04.19

Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկիի և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանավեճը «Օլիմպիյսկի» մարզադաշտից ուղիղ տեսակապով հեռարձակելու տեխնիկական հնարավորություն ունի, սակայն դա հակասում է երկրի սահմանադրությանը, ուստի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պետք է Սահմանադրության որոշ դրույթներ փոխի, հայտնում է ria.ru-ն:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ընդունում է Պորոշենկոյի՝ ընտրությունների 2-րդ փուլի անցկացումից առաջ բանավեճի մասնակցելու առաջարկը, սակայն մի պայմանով՝ բանավեճը պետք է անցկացվի Կիևի մարզադաշտերից մեկում: Զելենսկին Պորոշենկոյին մտածելու համար 24 ժամ էր տվել. արդյունքում երկրի նախագահը համաձայնել է շոումենի պայմանին:

Ըստ օրենքի՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են 2-րդ փուլից առաջ՝ վերջին ուրբաթ օրը:

Հեռուստառադիոընկերությունը մանրամասնել է, որ, ըստ օրենքի, նման հեռուստաբանավեճերն անցկացվում են հանրային հեռարձակողի ստուդիայում, այդ պատճառով այժմ վերջին խոսքը ԿԸՀ-ինն է: Եթե նոր դրույթ ընդունվի, բանավեճը հնարավոր կլինի, հակառակ դեպքում՝ կլինի պարզապես շոու կամ քննարկում, սակայն ոչ բանավեճ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Երեսունինը թեկնածուից որևէ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ինչի արդյունքում նշանակվել է 2-րդ փուլ: