«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 8-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին հարցը, սակայն որոշում չի կայացրել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Սամվել Սիմոնյանը: «Որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 8-ին՝ ժամը 10-ին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով: Դավիթ Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019 թ. միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ամալյա Առաքելյան










