«ԱՄՆ-ն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում». Թրամփ

18:41 • 08.04.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի իշխանություններն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» են ճանաչում: Այս մասին գրում է The Washington Post-ը:

«Սա Պետքարտուղարության կողմից իրականացված աննախադեպ քայլ է, որը ճանաչում է այն փաստը, որ Իրանը ոչ միայն ահաբեկչությունը հովանավորող երկիր է, այլ նաև այն, որ Հեղափոխության պահապանների կորպուսն ակտիվորեն մասնակցում է դրա ֆինանսավորմանն ու ահաբեկչությունը կիրառում է որպես պետական կառավարման գործիք»,-ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ոլորտի փորձագետները նախազգուշացրել էին, որ եթե, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվի, ապա ԱՄՆ-ի և Իրանի առանց այն էլ լարված հարաբերություններում սրացման նոր փուլ կսկսվի:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին խոսակցությունները տարիներ շարունակ շրջանառվել են Վաշինգտոնում, սակայն ոլորտի մասնագետները մշտապես նախազգուշացրել են, որ նման բան անելու դեպքում այլ երկրների կառավարությունները կարող են համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական ոլորտների պաշտոնյաների նկատմամբ:

Հայտնի է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվել է 1979թ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո: