ՊԵԿ-ի հայտարարություններն անհիմն են, ոչ մեկն իրավունք չունի խաղալ «Առինջ մոլի» անվան հետ. առևտրի կենտրոնի տնօրեն (տեսանյութ)
19:08
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը քիչ առաջ դուրս եկավ տնօրինության սենյակից և զրուցեց լրագրողների հետ: Նա նշեց, որ մասնավորապես ՊԵԿ-ի կողմից քիչ առաջ տարածված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
«ՊԵԿ-ը չի կարող այդպիսի հայտարարություն անել, քանի դեռ քննությունը չի ավարտվել: Դրանք անհիմն հայտարարություններ են, ոչ մեկն իրավունք չունի հայտարարություններ անել, քանի քննությունը չի ավարտվել և խաղալ «Առինջ մոլ» անվան հետ»,-ասաց նա և նշեց, որ ՊԵԿ-ը վերցրել է գործնական փաստաթղթերը:
«Ինչ ունենք, իրենք տարել են: Հիմա իրենք կտանեն, կհամոզվեն, որ իրենց տեղեկությունները սխալ են, կհրավիրեն, արդեն կզրուցենք»,-ասաց նա և նշեց, առանց փաստաթղթերի հնարավոր չի լինի աշխատել:
Ըստ նրա՝ կային փաստաթղթեր, որ իրենց պետք չեն, բայց տարել են, թեև իրենք չեն խոչընդոտում:
18:07
Քիչ առաջ ՊԵԿ աշխատակիցները ծանրոցով փաստաթղթեր դուրս հանեցին «Առինջ մոլ»-ի տնօրինությունից, այնուհետև կրկին պարկերով փաստաթղթեր տեղափոխեցին:
Փաստաթղթերը մեկ մեքենայի մեջ չտեղավորվեցին, և ՊԵԿ ծառայողները փաստաթղթերը տեղավորեցին երկրորդ մեքենայում:
17:22
Քիչ առաջ «Առինջ մոլ»–ի վարչական շենքից բարկացած դուրս եկավ առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը՝ նշելով, որ առևտրի կենտրոնը կապում են տարբեր մարդկանց անվան հետ։ «Չի կարելի, անիմաստ տեղը «Առինջ մոլ»-ը կապում են չգիտեմ ինչի հետ»։
17:10
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարկոս Հարությունյանը ևս «Առինջ մոլ»-ում է: Նա նշեց, որ ֆեյսբուքում գրառում է տեսել, թե «Առինջ մոլ»-ը փակվել է, և քանի որ ընկերը` նույն խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը ևս աշխատում է այնտեղ, եկել է տեսնելու, թե ինչ խնդիր կա:
«Ուզում էի իմանայի` ինչ խնդիր կարղ է լիել ընկերոջս հետ, ոչ մի գործողությունից տեղյակ չեմ»,- ասաց նա:
16:12
Պետական եկամուտների կոմիտեն այս պահին «ԱռինջՄոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Այո, ՊԵԿ-ը ստոգումներ է իրականացնում «Առինջ մոլ»-ում»,-հայտնեց պատգամավորը և նշեց, որ այս պահին հարմար չէ այլ տեղեկություն հաղորդել:
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ ՊԵԿ-ներկայացուցիչները եկել են իրենց թղթաբանությունն ստուգելու համար։ Նրա խոսքով՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ցույց են տվել դատարանի սանկցիան, որով իրավունք ունեն ստուգումներ իրականացնելու առևտրի կենտրոնի տարածքում։
«Նրանց չեմ խոչընդոտել, տրամադրել եմ ինչ հարկավոր է, ասել եմ՝ սա դուք, սա ադմինիստրացիան, ինչ պետք է՝ ստուգեք»,- ասաց նա։










