«Նա պետք է պատասխան տա իր արածի համար», «Դա իմ գործը չէ». Քլինթոնն ու Թրամփը մեկնաբանել են Ասանժի ձերբակալությունը

11:17 • 12.04.19

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, մեկնաբանելով սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունը, ասել է, որ հավանություն է տալիս դրան, քանի որ «նա պետք է պատասխան տա իր արածի համար»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քլինթոնը, որը 2016թ. նախագահական ընտրություններում կրած պարտության համար Ասանժին է մեղադրում, համոզված է, որ ակտիվիստն արժանի է իր համար նախատեսված պատժին:

Հայտնի է, որ 2016 թվականի նախընտրական մրցապայքարի ժամանակ WikiLeaks-ը հրապարակել էր Դեմոկրատական կուսակցության (Քլինթոնն այդ կուսակցության թեկնածուն էր-tert.am) վարկաբեկիչ էլեկտրոնային նամակները, ինչը բացասաբար էր ազդել Քլինթոնի վարկանիշի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունն Ասանժին մեղադրում է Միացյալ Նահանգների զինված ուժերի համակարգիչների նկատմամբ հաքերային հարձակում գործելու ու գերգաղտնի պետական տեղեկատվություն ստանալու, այն հրապարակելու համար:

ԱՄՆ արտահանձնվելու դեպքում Ասանժին կարող են նաև մահապատժի դատապարտել:

«Կարծում եմ՝ մի բան ակնհայտ է. նրան պատժում են ոչ թե լրագրության, այլ ռազմական համակարգչի նկատմամբ հաքերային հարձակմանն ու ԱՄՆ կառավարությունից տեղեկատվության գողությանն աջակցելու համար: Ի վերջո նա պատասխան է տալու իր արածի համար»,-ասել է նախկին պետքարտուղարը:

 

Hillary Clinton said that she approved of Julian Assange's arrest because 'he has to answer for what he's done' during an event entitled An Evening With The Clintons in NYC on Thursday

Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ասանժի հետ կապված իրավիճակը, ընդգծել է, որ «դա իր գործը չէ»:

«Ես WikiLeaks-ի մասին ոչինչ չգիտեմ, դա իմ գործը չէ»,-ասել է Թրամփը, որի անունը սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող կայքում 2016թ. նախագահական մրցապայքարի ընթացքում հիշատակվել է 164 անգամ:

 

Image result for Trump assange

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ավստրալիայի քաղաքացի Ասանժը, որը յոթ տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո երեկ ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից, Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է:

Սակայն Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փայնը հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ են տվել չհամաձայնել Ասանժի արտահանձնմանը՝ այն դեպքում, եթե վերջինս ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվելու:

Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:

Նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը հայտարարել է, որ այս ձերբակալությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում ազատ խոսքի իրավունքի համար պայքարող բոլոր ակտիվիստների համար: