«Որդիս պետք է Ավստրալիա արտահանձնվի». Ջուլիան Ասանժի հայր

12:22 • 14.04.19

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը Լոնդոնում որդու աղմկահարույց ձերբակալությունից հետո հայտարարել է, որ լրագրողը պետք է ոչ թե ԱՄՆ, այլ Ավստրալիա արտահանձնվի, քանի որ այդ երկրի քաղաքացի է:

Ինչպես նշում է The Guardian-ը, 74-ամյա Ջոն Շիփթոնը դիմել է Ավստրալիայի կառավարությանը՝ կոչ անելով «ինչ-որ բան անել» Ասանժի համար, օգնել նրան:

Մելբուռնում բնակվող Շիփթոնը դիմել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին և արտգործնախարարությանը:

Սակայն երկրի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ասանժին «առանձնահատուկ վերաաբերմունք» չի ցուցաբերվի և որ նա միայն հյուպատոսության մակարդակով աջակցություն կստանա: Միևնույն ժամանակ արտգործնախարարն ասել էր, որ Ավստրալիան Մեծ Բրիտանիային խորհուրդ է տվել ակտիվիստին ԱՄՆ չարտահանձնել, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա:

Հատկանշական է, որ բրիտանացի ընդդիմադիր խորհրդարականեր ևս դեմ եմ, որ Ասաժն ԱՄՆ արտահանձնվի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ավստրալիայի քաղաքացի Ասանժը, որը յոթ տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից, Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է:

 Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար: