ՊԵԿ տեսուչները իրավախախտումների բացակայության դեպքում անգամ տուգանք են նշանակում. այդ խնդրով մի շարք գործարարների հետ ՊԵԿ-ում ենք. «Կասեցում» շարժման համակարգող
Պետական եկամուտների կոմիտեի մի շարք տեսուչներ տնտեսավարողների մոտ տուգանք են արձանագրում՝ դրա համար հիմքեր չունենալու պարագայում, հիմնականում համոզում են տնտեսավարողներին, որ այդպես կխուսափեն բարդություններից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին այդ խնդրով շարժման անդամների, մի շարք գործարարների հետ ՊԵԿ-ում են:
«Խնդիրը քննարկում ենք ՊԵԿ-ի համապատասխան բաժնի ներքին վերահսկման բաժնի պետի հետ: ՊԵԿ-ն ընդունում է, որ հնարավոր է՝ կան նման տեսուչներ, միասին քննարկում ենք, թե ինչպես կարելի է նման երևույթների դեմն առնել»,-մանրամասնեց նա:
Սամսոն Գրիգորյանը մանրամասնեց, որ իրեն դիմել են մի շարք գործարարներ, որոնք առնչվել են նշված խնդրին, տուգանք են վճարել այն պարագայում, երբ իրական խախտում թույլ չեն տվել: Նա ընդգծեց, որ իրական պատկերը չի կարող միայն իրենց դիմածների հիման վրա պարզ լինել, քանի որ կան տնտեսավարողներ, որոնք լռում են՝ լավ չպատկերացնելով իրենց իրավունքները:
«Բողոքող, պայքարող, իրավագիտակից տնտեսավարողներին նման ձևով տուգանելը անհնար կլինի: Պետք է հասնենք նրան, որ տեսուչը շահագրգռվածություն չունենա տուգանք գրելու այն պարագայում, երբ իրավախախտում չկա: Եթե անհրաժեշտ է, պետք է նաև օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել: Բայց կարևոր է, որ նման խնդիրների մասին չլռեն»,-եզրափակեց նա:










