Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացված)

21:49 • 15.04.19

06:36

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում է ներսում կոնստրուկցիաների փլուզումը: Այդ մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն:

«Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները և  սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռ չի մարվել

23:51

Փարիզի հրշեջ ծառայության խոսնակը հայտնել է, որ առաջիկա 1-2 ժամերը վճռական են Փարիզի Աստվածամոր տաճարը փրկելու հարցում: Նա նշել է, որ դեպքի վայրում հարյուրավոր հրշեջներ են աշխատում, որոնք տաճարը փրկելու համար գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները՝ բացի օդային ջրցան մեքենաներից, որոնք կարող են կիրառվելու դեպքում ամբողջ տաճարի փլուզման պատճառ դառնալ:

23:40

Կրակը հասել է տաճարի ուղղանկյուն աշտարակներին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է դեպքի վայր:

Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարի խոսքով՝ տաճարը վիթխարի կերպով տուժել է: Տաճարի խոսնակը հավելել է, որ ներսի բոլոր փայտե կառույցներն այրվում են և կարող են փլվել:

23:28

Փլվել է տաճարի աշտարակը:

23:24

Բռնկվել է տաճարի ձախ աշտարակը:

Հազարավոր փարիզցիներ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ հետևելու իրադարձությունների ընթացքին:

22:49

«Ամեն ինչ այրվում է: Այս հրդեհից ոչինչ չի մնա»,- ասել է Աստվածամոր տաճարի խոսնակը:

Հայտարարվել է նաև, որ Փարիզի դատախազությունը սկսել է քննել հրդեհի պատճառները:

22:48

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն իր ցավակցությունն է հայտնել պատմական կառույցի հրդեհի կապակցությամբ: «Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»,- ասել է քաղաքապետը:

22:37

«Ինչպես մեր բոլոր հայրենակիցները, ես մեծ տխրությամբ եմ տեսնում, թե ինչպես է մեր մի մասնիկն այրվում»,- Էմանուել Մակրոնն է գրել թիվթերյան իր էջում:

Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը հրդեհի վայր են ուղևորվել:

22:28

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի պատճառով տաճարի տանիքն ամբողջությամբ ոչնչացվել է: «Ամեն ինչ փլվում է»,- ասել է դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը: Տաճարի տանիքը շարունակում է այրվել:



22:19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես արձագանքել է դեպքին՝ առաջարկելով հրդեհաշիջման համար «թռչող ջրցան մեքենաներ» օգտագործել և կոչ անելով արագ գործել:

22:16

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է ժողովրդին ուղղված ուղերձը, որը նախատեսում էր հղել այսօր երեկոյան:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում հրդեհը սարսափելի է որակել և կոչ արել քաղաքացիներին անվտանգության նկատառումներով չանցնել հրշեջ ծառայության տեղակայած պատնեշներից այն կողմ:

21:49

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է BBC-ն:

Դեպքի վայրից արված կադրերում երևում է, թե ինչպես է ծխի հաստ սյունը բարձրանում պատմական շենքից: Տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ հրդեհը բռնկվել է տաճարի թևերից մեկի վերին մասում:

Դեպքի վայրում հրշեջներ են աշխատում:

Հրդեհի հստակ պատճառները հայտնի չեն, սակայն իշխանությունները ենթադրում են, որ այն կարող է կապված լինել 850 տարվա հնության տաճարում տարվող վերանորոգման աշխատանքների հետ: 

Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցվել է 12-րդ դարում: Այն տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում աշխարի տարբեր ծայրերից: