Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. քննիչի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները. ԱԱԾ

19:17 • 18.04.19

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջադրված մեղադրանքին՝ նշելով, որ դա շինծու է: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Ձեզ բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա Դավիթ»: