Մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք իրականացնում, մենք հեղափոխության մասնակիցներ ենք. շրջիկ առևտրով զբաղվողները՝ իշխանությանը
Շարժական Սրճարանների Միության սեփականատերեր Արեն Մելիքյանը, Վաղինակ Ջանինյանը և Հրաչ Դավթյանն այսօր մամուլի ասուլիսին ասացին, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ն անօրինական հոսանքազրկել են բոլոր շարժական առևտրի կետերը, ինչի հետևանքով չեն կարողանում աշխատել, սնունդը փչացել է, աշխատողները մնացել են առանց աշխատանքի:
Արեն Մելիքյանի կարծիքով՝ սա թիրախավորված արշավ է շրջիկ առևտրի կետերի դեմ, քանի որ դրանք գնալով ավելանում են և ցանկանում են փակուղի տանել շրջիկ առևտրով զբաղվող բիզնեսմեններին: Նա տեղեկացրեց, որ նախագիծ է մշակվում, որը, սակայն, դեռ կառավարությունում չի քննարկվել, և դրա հետևանքով գերլարված իրավիճակ է ստեղծվել:
Նա նշեց, որ քաղաքապետը նշել է, թե ցանկանում են, որ կրպակները դուրս գան և պետք է առաջ գնալ ու ոչ թե հետ: «Պարոն քաղաքապետի վրդովմունքը հասկանում եմ, քանի որ կարծում եմ, որ իրեն թերի են ներկայացրել իրավիճակը: Մենք պահանջել ենք, որ մշակվի նախագիծ, սակայն խնդրին անդրադարձան մինչև այն կհասունանար»,-ասաց Արեն մելիքյանը և նշեց, որ իրենց խնդրանքն այն է, որ հնարավորինս շուտ քննարկվի նախագիծը:
«Արդար մոտեցում չի եղել: Որպեսզի կանխարգելեն այս շրջիկ առևտրի հոսքը, օգտագործել են հոսանքազրկումը, որը արդար չէ: Երբ հեղափոխության ընթացքում շեշտվում էր, թե ներդրում արեք, փոքր բիզնեսին աջակցելու ենք, լավ է լինելու ամեն ինչ, հիմա ուզում եմ հարցնել, թե այսպե՞ս է լավ լինելու: Երբ փոքր բիզնեսին չեք աջակցում, պետք չէ հոսանքը անջատել, այլ ժամանակին տվեք կարգավորումները: Մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք իրականացնում, մենք հեղափոխության մասնակիցներ ենք»,-ասաց Արեն Մելիքյանը և նշեց, որ ներկայումս իրենք վնաս են կրում, և ընդհանուր առմամբ 120 աշխատակից կա այս ոլորտում:
Նա նշեց, որ կարծում է, թե պետք է թույլտվություն տրամադրվի նրանց, ովքեր սննդի նորմաների չափանիշներին համապատասխան պայմաններ են ստեղծում, այն, ինչ առաջարկվում է՝ ներդնել աճուրդի գաղափարը, ենթատեքստ կա՝ դաշտը մոնոպոլացնելու:
Հրաչ Դավթյանը նկատեց, որ հիմնականում շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունը իշխանափոխությունից հետո են սկսել, և ինչպես քաղաքապետարանն է հայտնում, այսօր 47 շրջիկ առևտրի կետ կա: «Օրենքում ոչ մի տեղ նշված չէ, թե որ կառույցից պետք է թույլտվություն վերցնել, հետևաբար թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա, հիմա քաղաքապետարանը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը թույլտվություն տվող մարմնի հարցը կարգավորում է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հոսանքի անջատմանը, ապա նա նշեց, որ ՀԷՑ-ից ստացած տեխպայմանը ցույց են տվել թե´ քաղաքապետարանի աշխատակցին, թե´ ՀԷՑ-ի աշխատակցին: «Այնուհետև պարզապես հեռախոսազանգով ՀԷՑ աշխատակիցը հայտնել է, որ քաղաքապետարանից ասում են, թե այս տեխպայմանը իրավական չէ, սակայն այդ փաստաթուղթը քաղաքապետարանը չի տվել, ՀԷՑ-ն է տվել, հետևաբար ՀԷՑ-ը կարող է ասել իրավական է, թե ոչ: Ինձ ՀԷՑ աշխատակիցը պատասխանեց՝ մենք կանջատենք, դուք բողոքարկեք, եթե իրավական է, կվերականգնենք»,-ասաց նա:










