«Սանիթեքի» պնդմամբ՝ արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան. ԲՀԿ-ն քաղաքապետարանին կոչ արեց հրապարակել ընկերության հետ նամակագրությունը

16:03 • 23.04.19

Երևանի ավագանին քննարկում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Զեկուցողը ներկայացրեց, որ նշված պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից կատարվում են ոչ պատշաճ, պայմանագրային դրույթների խախտումներով, որի հետևանքով նշված ընկերությունները ենթարկվել են պատասխանատվության՝ նրանց նկատմամբ կիրառվել է պայմանագրերով նախատեսված տուգանքը:

Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել սույն որոշման նախագիծը:

ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ  երեկ և այսօր կապ է հաստատել «Սանիթեքի» ղեկավարության հետ և հետաքրքվել էր ինչ` դժգոհություններ ունեին քաղաքային իշխանությունից: «Հավաստացին ղեկավարությունից, որ պայմանագրային դրույթների խախտումներ ոչ միայն «Սանիթեքի», այլ Երևանի իշխանության կողմից է: Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան, իրենց վստահեցմամբ իրենք հաղթող կլինեն»,-ասաց նա և պարզաբանում խնդրեց, թե ի՞նչ խախտումներ է արել քաղաքային իշխանությունը, ի՞նչ հետևանքներ կունենա դատական պրոցեսը իմիջի, ներդրումների և այլնի առումով:

Փոխքաղաքապետը նշեց՝ բոլորն էլ տեսնում են թե՛ քաղաքապետարանի իմիջը, թե՛ «Սանիթեքի» իմիջը: Նա նշեց, որ «Սանիթեք» կազմակերպության կողմից հղում չի կատարվել պայմանագրի որևէ կետին, որը քաղաքապետարանը խախտել է: «Սանիթեքի» կողմից մատնանշվում է  աղբավայրի անբարեկարգ լինելը, բայց վստահեցնում եմ, որ մեր պաշտոնավորումից հետո աղբավայրն էականորեն ավելի լավ վիճակում է, քան մինչ այդ»,-ասաց նա և նշեց, որ իրավաբանները կասեն, թե ինչ հետևանքներ կունենա դատական գործընթացը:

«Պայմանագիրը ի օգուտ քաղաքապետարանի է կնքվել, լավ, խիստ պայմանագիր է և հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, որ «Սանիթեքը» կարող է միջազգային դատարանում շահող լինել»,-ասաց նա:

Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց նաև «Սանիթեքի» հետ նամակագրության մասին և կոչ արեց հրապարակել այն:

 «Սանիթեքը» բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ «Սանիթեքին» դրա տեղը ուղղակի քաղաքը մաքրել: Երկրորդ, այդ գրագրությունը հասանելի է  բոլորին, ընդամենը պետք է «կախարդական գրիչը»  և «կախարդական թուղթ» վերցնել, մեզ հարցում գրել և «կախարդական պատասխանը» կգա, կհասնի ձեզ»,-ասաց նա:

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ բոլոր մանրամասները հաշվի են առնում և գործում են այնպես, որ համայնքը, հանրությունը և ոչ մեկ չտուժի: Եթե մենք ուշադրություն չդարձնեինք մանրուքներին, կարող էինք շատ ավելի կտրուկ գործել»,-ասաց նա:

Քաղաքապետարանը նշեց, որ իրենց միակ պահանջը դա մաքուր Երևանն է: «Եթե ընկերությունը, որը ստանձնել է  այս պարտականությունը, կարողանա դա ապահովել, մենք միայն ուրախ կլինենք, եթե ոչ, մեր պարտականությունն է դա ապահովել»,-ասաց նա: