Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին, դրանում Արցախին վերաբերող կետ կա

14:02 • 23.04.19

Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին: Այդ մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:

Ըստ նրա՝ համաձայնագրի նախագծում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ, ինչպես նա է ասել՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը»:

«Դա շատ կարևոր հարց է, մենք երկար ենք աշխատել դրա վրա և հասել ենք նրան, որ այդ համաձայնագրում ներառվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող կետեր»,- ասել է խորհրդարանի խոսնակը:

Նա մեղադրել է հայերին Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրմանը «խոչընդոտելու փորձերի» համար: 

«Որպես կանոն, պետությունները ստորագրում են այդ փաստաթուղթը Եվրամիության կողմից օգնություն ստանալու համար: Սակայն մենք դրա կարիքը չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

 

 

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին, դրանում Արցախին վերաբերող կետ կա