Ռուսաստանի «Ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան
Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել 10-ամյա Միկելլա Աբրամովան, ով ռուսական էստրադայի հայտնի երգչուի Ալսուի դուստրն է: Միկելլան ընդգրկված էր Սվետլանա Լոբոդայի խմբում և հաղթել է սուպեր եզրափակչում` հեռուստադիտողների քվեարկությամբ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Հավելենք, որ Միկելլա Աբրամովան դուրս էր մնացել պայքարից, սակայն ժյուրիի անդամները հավելյալ փուլ էին ավելացրել` հնարավորություն տալով դուրս մնացած մասնակիցներից երեքին վերադառնալ նախագիծ: Միկելլան կատարել էր «Герой не моего романа» հայտնի երգը և հնարավորություն էր ստացել վերադառնալ ու շարունակել պայքարը:
Հավելենք, որ նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար. Վալերի Մելաձեի թիմում ներկայանում էր «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։ Նախագծի ամբողջ ընթացքում հաղթական ճանապարհ անցած 2 հայ փոքրիկներն էլ, սակայն, հանդիսատեսի քվեարկության փուլում դուրս մնացին նախագծից:










