350 կոնգրեսական, 208 սենատոր. Իսպանիայում մեկնարկել են արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները
Իսպանիայում մեկնարկել են արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով խորհրդարանի ստորին պալատ կընտրվի 350 կոնգրեսական, իսկ վերին պալատ՝ 208 սենատոր:
Ինչպես հաղորդում է tass.ru-ն, ապրիլի 28-ին երկրով մեկ բացվել է մոտ 23 000 ընտրատեղամաս, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը ութը: Իսպանիայում ընտրելու իրավունք ունի ավելի քան 36,8 մլն քաղաքացի, որից 2 մլն-ը բնակվում է արտերկրում: Ընտրությունների օրը կարգուկանոնը պահպանում է մոտ 92 000 ոստիկան:
Աղբյուրը մանրամասնում է, որ համընդհանուր ընտրությունները պետք է կայանային 2020թ., բայց քանի որ ստորին պալատը չի հաստատել կառավարության առաջարկած բյուջեի նախագիծը, վարչապետ Պեդրո Սանչեսը որոշել է արտահերթ ընտրություններ անցկացնել:
Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ հաղթանակի գլխավոր հավակնորդը Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունն է, որին հաջորդում է Ազգային կուսակցությունը: Հաղթանակի շանսեր ունեն նաև«Քաղաքացիներ» կուսակցությունը, «Միավորվելով՝ մենք կարող ենք» ձախակողմյան կոալիցիան և ծայրահեղ աջակողմյան «Վոքս» կուսակցությունը:
Ամենայն հավանականությամբ, կուսակցություններից որևէ մեկին չի հաջողվի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ բացարձակ մեծամասնություն ստանալ ստորին պալատում:










