Ինտեգրացիոն ծրագիրն, ըստ էության, կայացած է, բայց կան խնդիրներ․ Դմիտրի Մեդվեդև
ԵԱՏՄ ստեղծման 5 տարին մեծ ժամանակ չէ, բայց կարելի է խոսել արդյունքների մասին։ Դրանցից մեկն այն է, որ ինտեգրացիոն ծրագիրն, ըստ էության, կայացած է։ Այս մասին Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարման խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«ԵԱՏՄ անդամ-պետությունների ընդհանուր տնտեսությունը զարգանում է, կան պոզիտիվ փոփոխություններ բոլոր ուղղություններով։ Բիզնեսը ակտիվորեն ներգրավվել է ինտեգրացիոն գործընթացի մեջ, ներդրողների համար բացվում են նոր հեռանկարներ և այլն։ Ցանկացած քայլից առաջ մենք մտածում ենք՝ գործարարության, ներդրողների համար այս որոշումը դրակա՞ն է, օգնո՞ւմ է նրանց, թե՞ բարդացնում»,- մանրամասնեց Մեդվեդևը։
ՌԴ վարչապետն ասաց, որ իրենց համար կարևոր է, թե արդյոք քաղաքացիները շոշափո՞ւմ են ինտեգրացիայի դրական կողմերը, թե ոչ։
«Կան խնդիրներ, որոնց լուծման վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը։ Մեկը՝ թվային տեխնոլոգիաների ներմուծումն է, որը կարևոր գործոն է տնտեսությունների մրցակցության համար։ Մենք արդեն մշակում ենք ճանապարհային քարտեզ։ Մյուսը՝ ներքին ինտեգրացիայի կայունացումն է, ապրանքների տեղաշարժը»,- նշեց նա։
Մեդվեդևը խոսեց նաև Ղազախստանի պատվիրակության մասին, դրա ղեկավարի մասին, ում հետ այս ֆորմատում առաջին անգամ են աշխատում։
«Ղազախստանի առաջին նախագահը՝ Ն․ Նազարբաևը, 94թ․-ին ուներ ինտեգրացիայի վերաբերյալ գաղափար, որը մենք ներկայումս իրականացնում ենք։ Ես նրա հետ բազմիցս քննարկել եմ հարցը, դեռ այն ժամանակ, երբ ստեղծում էինք Մաքսային միությունը։ Պետք չէ մոռանալ այս ամենը»,- ասաց Դ․ Մեդվեդևը։










