Փարիզում մայիսմեկյան ցույցերից առաջ 14 մարդ է ձերբակալվել. խախտվել է մետրոյի և հանրային տրանսպորտի աշխատանքը (տեսանյութ)
Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում 14 մարդու են ձերբակալել մայիսմեկյան ցույցերի մեկնարկից առաջ, հայտնում է ria.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ նրանցից 11-ը ձերբակալվել են Փարիզի 14-րդ շրջանում՝ չորս մեքենայի խուզարկությունից հետո: Հայտնի է, որ մեքենաներում մի քանի հակագազ է հայտնաբերվել:
Մյուս երեքը, որոնք Իսպանիայի քաղաքացի են, ձերբակալվել են Փարիզի 10-րդ շրջանում: Իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են մի քանի մուրճ, պտուտակահան, դանակ, պարսատիկ, գազային բալոն և բենզինով լի երկու տարա:
Նախօրեին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսմեկյան ակցիաներին պատրաստվում է մասնակցել 1500-2000 ծայրահեղ տրամադրված խուլիգան, որոնց անվանում են նաև black block: Ըստ այդմ՝ որոշվել է, որ Փարիզում կարգուկանոնի պահպանման համար կներգրավվի 7400 ոստիկան ու ժանդարմ:
Աղբյուրը հավելում է, որ Փարիզի մետրոյի աշխատանքը խախտվել է հավանական ցույցերի և բողոքի ակցիաների պատճառով: Մետրոյի որոշ ճյուղերի աշխատանքը դադարեցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը յոթից, մինչդեռ մյուսները կփակվեն կեսօրին մոտ:
Բացի այդ, չեն աշխատում քաղաքային տրանսպորտային համակարգի մաս կազմող արվարձանային գնացքների մի շարք կայարաններ: Խախտվել է նաև ավտոբուսների երթուղին:
Սպասվում է, որ մայիսի 1-ին Փարիզում տեղի կունենա մի քանի բողոքի ակցիա և ցույց: Արհմիութենական կազմակերպությունների ավանդական երթից բացի փողոց դուրս կգան «դեղին անթև բաճկոնների» աջակիցները, կլիմայական փոփոխությունների մասին բարձրաձայնող ակտիվիստները:
#1erMai à #Nantes : plusieurs milliers de manifestants, syndicats #CGT #Solidaires en tête de cortège, les #GiletsJaunes derrière, suivis de #UNEF et #UNL pic.twitter.com/63MdSU7IRk
— FranceBleuLoireOcéan (@bleuloireocean) May 1, 2019










