Վարչապետն ու Ա. Զեյնալյանը կեղծ լուրեր են տարածում, մենք ահաբեկչության հետ կապ չունենք. Է. Մարուքյանը՝ ԼՀԿ-ի նախագծի որակումների մասին (տեսանյութ)

23:41 • 02.05.19

Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պար՛ոն արդարադատության նախարար, թե՞ ինձ եք մոռացել: Հերիք է մեր մասին սուտ լուրեր տարածեք, ամեն դրական փոփոխության համար մինչև վերջին խազը ձեզ հետ ենք, բայց թույլ չենք տա, որ մեր ընդդիմանալը ներկայացվի որպես կեղծիք ու հակահեղափոխություն:

Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասած ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ այս ուղիղ եթերն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հերքելն է:

«Մեր մասին կեղծ լուրեր են տարածվում: Մենք ահաբեկչության հետ, բնավ, կապ չունենք»,-նշեց պատգամավորը:

Կառավարությունը, հիշեցնենք, այսօրվա նիստում մերժել է ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների  ծառայությունների գնումները:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախագծով ԼՀԿ-ն առաջարկում էր երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, որ ժամանակին հրապարակվում էին, հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ գաղտնի դարձավ, փոփոխել՝ հետ բերելով նախկին տեսքին, այսինքն՝ դրանք կրկին հրապարակային դարձնել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նիստի ժամանակ նշել էր, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական  և այդ անձանց անվտանգությանը: «Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասել էր նախարարը: Իսկ վարչապետը նշել էր. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց, ով է ամենալավը կրակում, և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նման որակավորումները նպատակ ունեն սուտ լուրեր տարածել ԼՀԿ-ի մասին: Նա հիշեցրեց,որ այս նախագծին նախկինում «Ելքի» պատգամավորներն Փաշինյանն ու Զեյնալյանը կողմ են եղել, փոփոխությանն էլ դեմ են քվեարկել:

«Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ մտածում եք, որ կարող եք նիստում նման սուտ բաներ խոսել, թե՞ ինձ եք մոռացել, մոռացել եք՝ ես ով եմ, չգիտե՞ք, որ ինչ սուտ ասում եք, պիտի հերքենք: Հազար բան եք խոստացել, արեք, ո՞ւր է անցումային արդարադատությունը, աշխատեք, եկել եք, ասում եք՝ խորհրդարանը պիտի անի, այ քեզ գան, ո՞վ պիտի անի, ձեր մեծամասնությո՞ւնը, թող անի, աշխատեք, ուղղակի աշխատեք: Ուրիշ բանուգործ չունե՞ք, հեգնում եք «Լուսավոր Հայաստանին», հարկատուներից գումար եք ստանում, որ մեր մասին սուտ խոսե՞ք:

ԼՀԿ-ն որը ճիշտն ա, ասում է՝ ճիշտ ա, լավն է, որը վատն է, ասում է վատը:

Քանի որ մեր մասին այս սուտը տարածվել է, պարո՛ն վարչապետ, դուք անձամբ հետևեք, որ այս րոպեները գնան Հանրային ՀԸ լուրերով, որ Ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի: Եթե չգնաց, ֆիքսում ենք, որ պետական ռեսուրսներն օգտագործում եք մեր մասին սուտ լուրեր տարածելու համար»,-հայտարարեց Մարուքյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: