«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի (տեսանյութեր, լուսանկարներ, թարմացվող)

21:05 • 05.05.19

10.40

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ», հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

Ինչ է իրականում տեղի ունեցել Superjet-ի հետ՝ դեռևս հայտնի չէ:

 

10.12

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը:

Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

 

9.45

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով: Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Չիբիսը:

«Ցավոք, հաստատվել են վատթարագույն մտավախությունները: Հայտարարվել է, որ զոհվել է 41 մարդ: Այժմ ստուգվում են ցուցակները՝ պարզելու, թե Մուրմանսկից քանի բնակիչ է եղել»,-ասել է նահանգապետը:

Պաշտոնյան իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ նրանք 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները՝ 500 000-ական ռուբլի:

 

08:54

Ըստ Meduza-ի՝ ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։

00.50

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ին, ևս 28-ի ճակատագիրն անհայտ է: Քննիչները հարցաքննում են ականտեսներին և տուժածներին:

Վայրէջքի ժամանակ հրդեհված ինքնաթիռում է եղել ՌԴ Սեվերոմոսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Եվմենկովը: Նա առանձնապես չի տուժել, այժմ գտնվում է օդանավակայանում:

00.45

Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, որ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի՝ թռիչքուղուն երկրորդ անգամ բախվելուց հետո: 

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շերեմետևո օդանավակայանում բացվել է հոգեբանական օգնության կենտրոն, որը նախատեսված է այրված ինքնաթիռի ուղևորների հարազատների համար: 

00.29

Այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան, մինչդեռ նորմատիվը սահմանված է 90 վայրկյան: Այդ մասին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը։  

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է այրված ինքնաթիռում 13 ուղևորի մահվան հանգամանքը:

Միջադեպի կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: 

23.40

Ռուս քննիչները սկսկել են Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող այրված ինքնաթիռի տուժած ուղևորների և չվերթի պատասխանատուների հարցաքննությունը: 

23.22

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: 

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:   

 

 

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

 

22.11

Վկայակոչելով բուժծառայություններին՝ ТАСС գործակալությունը հայտնում է, որ առնվազն 13 մարդ զոհվել է Sukhoi Superjet 100 օդանավի վթարային վայրէջքի ժամանակ, ևս վեցը տուժել են:

Միևնույն ժամանակ Интерфакс գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ 13 ուղևորի ճակատագիր անհայտ է, նրանց դեռևս չի հաջողվում գտնել, սակայն պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել այդ լուրը:

21.05

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք է խնդրել, իսկ վայրէջքի պահին բռնկվել է: Վայրէջք է կատարել 18:40-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել օդանավից: Դեպքի վայր են ժամանել հրշեջները:

Հաղորդվում է, որ SSJ-100-ը կարող էր բռնկվել կայծակի հարված ստանալու պատճառով:

Բուժծառայությունից հայտնել են, որ հրդեհից 10 մարդ վիրավորվել է: Օդանավում 73 մարդ է գտնվել: Հրդեհն արդեն մարվել է: Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է:

Միջադեպից հետո օդանավակայանն աշխատում է սահմանափակ ռեժիմով, երկու թռիչքուղիներից մեկն է գործում: Շերեմետևո ուղևորվող ինքնաթիռների մի մասը տարբեր օդանավակայաններում է վայրէջք կատարում, դատախուզությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել: