Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է. Նելլի Դուրյան
Ես դեռևս այդ գրականությանը ծանոթ չեմ: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսին:
Ինչ վերաբերում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի դիտարկումներին, Նելլի Դուրյանն արձագանքեց. «Չեմ կարող այս պահին ասել, թե տիկին Բաթոյանը ինչ է ասել և որտեղից է վերցրել, բայց ես ձեզ ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը»:
Նա նշեց, որ գիրքը կուսումնասիրեն, բայց ամեն դեպքում կոչ արեց հարցերն ուղղել Կրթության և գիտության նախարարությանը: Նելլի Դուրյանը օրինակ բերեց, որ նախկինում ձեռնարկ էր տրամադրվել ՀԿ-ի կողմից, որը բացատրում էր թմրամիջոցների տեսակները, օգտագործման ձևերը և նախատեսված էր բարձր դասարաններում ուսումնասիրելու համար:
«Ուսումնասիրվեց և ակնհայտ դարձավ, որ հակառակ էֆեկտը կունենա, ազդեցությունը ավելի վատ կլինի և երեխաները կիմանան թմրանյութերի օգտագործման ձևերը: Նույնը նաև ինտերնետայի խաղերին է վերաբերում»,-ասաց նա:
Նելլի Դուրյանը ներկայացրեց վերջին չորս տարվա վիճակագրությունը և հայտնեց, որ 2016 թվականի ընթացքում անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 80 դեպք, 2017 թվականի ընթացքում` 71 դեպք, 2018 թվականի ընթացքում 50 դեպք:
«Մասնավորապես 2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում եղել է այդպիսի 19 դեպք, իսկ 2019 թվականի ընթացքում 14 դեպք, այսինքն հինգ դեպքի նվազում է եղել և տարիների ընթացքում դեպքերի նվազում ունենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ վիճակագրությունը փաստում է, որ քաղաքացիները ավելի շատ են դիմում ոստիկանություն և անհերքելի է, որ այսօր ավելի շատ են վստահում ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում խստորեն դատապարտել էր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ էր արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Լիանա










