0038 հրամանի պահանջները կատարելու համար Երևան են գնացել ՊԲ-ի զինծառայողներ, ըստ հրամանի՝ մարտունակության բարձրացման համար. Մովսես Հակոբյան

12:09 • 09.05.19
0038 հրամանի պահանջները կատարելու համար Երևան են գնացել ՊԲ-ի զինծառայողներ, ըստ հրամանի՝ մարտունակության բարձրացման համար. Մովսես Հակոբյան

ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը Արցախում Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի գործին, որի շրջանակներում բարձրաստիճան զինվորականներ են անցնում:

Հարցին, թե ինչ տեսակետ ունի գործի քննության մասին, Հակոբյանը նշեց, որ դատավորի կարգավիճակում երբեք չի ուզում լինել՝ հարուցված է քրեական գործ, կընթանա դատավարություն, ամեն ինչ պարզ կլինի և ամեն մեկն իր գնահատականը կստանա:

Հարցին, թե ինքը 0038 հրամանը կատարողներից է եղել, ըստ որի բանակը խառնվել է ներքաղաքական հարցերին և հանգեցրել սահմանադրական կարգի տապալմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «0038 հրամանում որևէ դրույթ չկա սահմանադրական կարգի տապալման ուղղությամբ, հրամանը զինվորական հրաման է և գրված է զինվորական տեքստով»:

Գլխավոր շտաբի նախկին պետը նշեց, որ գործի շրջանակներում 100-ից ավելի անձինք հարցաքննվել են՝ այդ թվում զինվորականներ, այդ թվում՝ ինքը: «Ասել եմ այն, ինչ իրականությանը համապատասխանում է: Ես հրամաններ եմ գրել, որն իմ լիազորության սահմաններում է եղել և որը համապատասխանել է 0038 հրամանին»,-ասաց նա:

Հարցին՝ բանակը ներքաղաքական հարցերին խառնվե՞լ է, թե՞ ոչ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Այդ հրամանի և իմ գրած հրամանի մեջ նման դրույթ չկա»:

Մովսես Հակոբյանը նշեց, որ Արցախից ստորաբաժանում չի գնացել Երևան: «Երևան գնացել են ՊԲ-ի զինծառայողներ 0038 հրամանի պահանջները կատարելու համար, որ կայազորի զինծառայողները տեղափոխվեն մեկ այլ կայազոր: Իսկ թե ինչ նպատակով՝ այնտեղ գրված է եղել՝ մարտունակության բարձրացման համար: Հրամանի մեջ ամեն ինչ գրված է: Դատավարության մեջ իմ հրամաններին էլ կարող եք ծանոթանալ և այնտեղ որևէ դրույթ չկա, որ ստորաբաժանումը տեղափոխել է Մարտի մեկ կազմակերպելու համար»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է ինքը վկայի կարգավիճակից մեղադրյալի կարգավիճակ ստանա, Մովսես Հակոբյանը նշեց, որ ցանկացած կարգավիճակի պատրաստ է: