ԱլԳ երկրների համագործակցությունը ոչ միայն ՀՀ-ի, այլև տարածաշրջանի շահն է, դա այն բաղադրիչներից է, որ նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը. Զ. Մնացականյան
Tert.am-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցել է ԱլԳ երկրների հետ համագործակցության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ սահմաններ ունենալու համատեքստում անգամ այդ համագործակցությունից բխող ՀՀ-ի շահի, տարածաշրջանային խաղաղության, կայունության ու զարգացման գործոնների մասին:
«Եթե մենք ունենք փակ սահմաններ, մենք նաև ունենք հնարավորություն բազմակողմ այդ համագործակցության մեջ ի հայտ բերելու նոր հնարավորություններ, սա ոչ միայն Հայաստանի շահն է, այլ տարածաշրջանի շահն է և Ադրբեջանի շահն է, որովհետև այդ համագործակցությունն ի վերջո այն բաղադրիչներից է, որ սահմանում է և նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, տարածաշրջանային զարգացմանը»,-նշեց արտգործնախարարը:
- Պարո´ն նախարար, լրանում է Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարին: Ի՞նչ ակնկալիքներ ունի Եվրամիությունն այդ քաղաքականության շարունակությունից, և ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք` որպես ԱլԳ երկիր:
-Այո, մոտենում է 10-ամյակը, և միջոցառումներ կլինեն Բրյուսելում այդ տարեդարձը նշելու համար: Սա գագաթաժողով չէ, գագաթաժողովը կկայանա հաջորդ տարի, սա տարեդարձի նշում է, և իսկապես շատ լավ ժամանակ է՝ գնահատելու, թե ինչպես է աշխատել այս ձևաչափը, այս հարթակը և որքանով է օգտակար եղել բոլորիս համար: Շատ էական է նաև գիտակցելը, թե ինչ գործիքներ է իր մեջ պարունակում Արևելյան գործընկերությունը:
Արևելյան գործընկերությունն ի վերջո Եվրոպական միության հարևանության քաղաքականության բաղադրիչներից մեկն է: Մեր գնահատմամբ` այդ հարթակի յուրահատկությունը, ի տարբերության հարևանության տարբեր այլ քաղաքականությունների, այն է, որ այստեղ ներգրավված են երկրներ, որոնք, այսպես ասենք, նույն տարածքից են, նույն եվրոպական երկրներն են, որոնց, ենթադրվում է, միավորում է նույն արժեհամակարգը, նույն վերաբերմունքը այն սկզբունքներին, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և այլն:
Միևնույն ժամանակ դա համագործակցության շրջանակ է, որը համալրում է, աջակցում է Եվրամիության հետ յուրաքանչյուր արևելյան գործընկերոջ անհատական հարաբերություններին: Այս 10 տարվա ընթացքում մենք ունեցանք Արևելյան գործընկերության 6 անդամների և Եվրամիության միջև տարբեր ձևաչափերի ձևավորում: Մենք ունենք մեր ձևաչափը: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն աշխատելու մեր ձևաչափն է, մյուսներն ունեն իրենց տարբեր ձևաչափերը` ավելի մեծ, ավելի փոքր:
Եվ որքանով մենք կարող ենք այդ երկկողմ օրակարգը համալրել բազմակողմ այդ համագործակցությամբ, այդ առումով այն շատ լավ և հարմար ձևաչափ է՝ աշխատելու, նաև շատ կարևոր է այն առումով, որ հնարավորություն է տալիս կենտրոնացնելու ԵՄ ուշադրությունն իր արևելյան գործընկերների հանդեպ, որովհետև այդ մեխանիզմներն այնպես են ձևավորված, որ հնարավորություն են տալիս ԵՄ քաղաքականությունը արևելյան գործընկերների հետ ավելի համապարփակեցնել:
Այն ունի նաև իր թույլ կողմերը. որքանով արևելյան գործընկերությունն ունի նույն աջակցությունը, նույն ընկալումը՝ ԵՄ տարբեր հատվածներում, տարբեր երկրների կողմից, որքանո՞վ է հնարավոր համադրել համընդհանուրը դիվերսիֆիկացված մոտեցման հետ: Սա միասին բարձրաձայն մտածում ենք: Սակայն միանշանակ պատասխան կա` սա հարմար ձևաչափ է՝ օգտագործելու նման համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի համար: Հիմքում, ի վերջո, դրված է այն, ինչ լավ է մեզ համար: Նորից գալիս ենք նույն խնդրին. Հայաստանի շահը` որպես կարևորագույն շարժիչ` մեր բոլոր ներգարվումներում:
-Ձեր բարձրաձայնած մոտեցմամբ` հասկանալի է` ինչ է Հայաստանը շահում և ինչով է կարևոր երկկողմ ձևաչափը: Բայց բազմակողմի պարագայում, առավել ևս հաշվի առնելով Ադրբեջանի, Թուրքիայի հետ փակ սահմանները և ընդհանրապես որոշակի ծրագրերում ներգրավման խնդիրները, այդ թվում՝ ենթակառուցվածքային և այլն, Հայաստանն ի՞նչ է հիմնականում շահում բազմակողմ ձևաչափից: Կարծես, այս մասին ամենաքիչն է խոսվում:
-Հայաստանը և Ադրբեջանը, ի վերջո, հարևաններ են և չեն գտնվում աշխարհի տարբեր հատվածներում: Բազմակողմ համագործակցության առավելությունը հենց դա է` ի հայտ բերել համագործակցության եղանակները, առավելությունները: Եթե մենք ունենք փակ սահմաններ, մենք նաև ունենք հնարավորություն բազմակողմ այդ համագործակցության մեջ ի հայտ բերելու նոր հնարավորություններ, սա ոչ միայն Հայաստանի շահն է, այլ տարածաշրջանի շահն է և Ադրբեջանի շահն է, որովհետև այդ համագործակցությունն ի վերջո այն բաղադրիչներից է, որ սահմանում է և նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, տարածաշրջանային զարգացմանը:










