ՀՔԾ-ն մերժել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալի՝ Սերգեյ Բագրատյանին վերաբերող հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը

16:27 • 13.05.19

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզպետի տեղակալի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Քրեական գործի հարուցումը մերժվել է  ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց նա:

Հիշեցենենք, որ ավելի վաղ Դատախազությունից Tert.am-ին հայտնել էին, որ Վայոց Ձորի մարզում գրանցված միջադեպի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով Վայոց Ձորի փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել: 

Tert.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանն ասել էր.« Վայոց Ձորի փոխմարզպետի հետ երեկ որևէ կոնտակտի մեջ չեմ մտել, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ ուզում եմ ճանաչել»: 

Այնուհետև Shamshyan.com-ը  հրապարակել էր լուսանկարներ՝ Եղեգնաձորում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից: