Որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, չեմ պատրաստվում ինքս գնալ դատարան. «Իմ քայլի» պատգամավորը՝ Քոչարյանի դեմ ակցիային մասնակցելու կոչի մասին

12:12 • 18.05.19

Ես կիսվել եմ «Դեմ եմ Հանրապետականին» էջում տեղադրված նկարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պարզաբանելով իր էջում տարածած հայտարարությունը:

Նշենք, որ «Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջը կոչ էր անում քաղաքացիներին գնալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Տեղեկացնենք, որ պատգամավորը սկզբում իր էջում տեղադրել էր հայտարարության տեքստը՝ որպես գրառում («սկրինշոթը»՝ տեքստի վերջում), այնուհետև ջնջել է այն և կիսվել «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառմամբ:

«Մեկնաբանությունում գրել եմ հետևյալը՝ պատգամավորի ստատո՞ւսն է ավելի բարձր, թե՞ երկրի նախագահի, եթե երկրի նախագահը 300 կմ անցնում, գալիս է իր տեսակետը հայտնելու, ես էլ իմ տեսակետն եմ հայտնում իմ անձնական էջում»,-նշեց Հայկ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությունը վտանգի տակ կդնի անկաշկանդ դատավարությունը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է պատգամավորը գնալ դատարան և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դեմ անցկացվող բողոքի ակցիային, նա պատասխանեց. «Երեկվանից բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր խնդրում են գնալ և կանգնել իրենց կողքին, բայց որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, չեմ պատրաստվում այս պահին գնալ»:

Պատգամավորից Tert.am-ը նաև հետաքրքրվեց՝ արդյոք նոր Հայաստանում հնարավո՞ր է դատավորը ենթարկվի ճնշումների, նա նշեց, որ պետք է այդ հարցը տալ դատավորին՝ արդյոք վերջինս ճնշվո՞ւմ է, երբ իր դիմաց 3 նախագահներ են նստում, թե ոչ, և երբ մեղադրյալի աջակիցները հարվածում ու հայհոյում են մեղադրող կողմի պաշտպաններին:

Հիշեցնենք, որ «Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:

Հայկ Սարգսյանը նաև հերքեց տարածված այն լուրերը, որ «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերության տեր Սերգեյ Մանուկյանն է իրեն նվիրել Mercedes-AMG GT C Roadster մակնիշի կարմիր ավտոմեքենան:

«Հերթական սուտն է, որն անգամ հերքման կարիք չունի»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին Երևանում նկատել էին կարմիր Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենայով: Նա ասել էր, որ նման մեքենա չունի և մեքենան պատկանում է ՌԴ-ից ժամանած ընկերոջը: