Ամսի 24-ին լինելու են լսումներ, կարելի է այդ օրը բարձրաձայնել հարցերը. Ա. Աբովյանը` դատարանների արգելափակման հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին
Ես պատգամավորական այցով հիմա գտնվում եմ շրջանում, առայժմ քննարկում չի եղել այդ հարցով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը`արձագանքելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության` արտահերթ նիստ սկսելու համար ստորագրահավաք իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ:
«Ամսի 24-ին լինելու են լսումներ և այդ օրը ևս Ազգային ժողովում կարելի է բարձրաձայնել բոլոր այն հարցերը, որոնք կլինեն»,-ասաց նա:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։
Ճշտող հարցին՝ այսինքն արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում, Արման Աբովյանն արձագանքեց, որ անհրաժեշտության տեսնել-չտեսնելու խնդիրը չկա, պարզապես ամսի 24-ին լսումներին կարելի է այդ հարցերը քննարկել: Հարցին, այնուհանդերձ, միանալո՞ւ եք ստորագրահավաքին, Արման Աբովյանը կրկին որևէ որոշակի պատասխան չտվեց՝ ասելով, որ հիմա Երևանում չէ և չի կարող պատասխանել հարցին, քանի որ այն առայժմ ոչ մեկի հետ չի քննարկել:










