ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովն ավարտվեց (տեսանյութ, թարմացված)
23:05
ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր 165 դատավոր, ավարտվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի տեքստը:
Նշվում է, որ դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը իրենք ևս կարևորում են, դեմ չեն, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից դատավորների գույքային դրության վերաբերյալ տեղեկատվություն ստանան:
«Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման վերականգման ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով»,-ասաց նա և նշեց, որ կոչ են անում օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրությունից, միջազգային պարտավորություններից:
Հայտարարության տեքստում նշված է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, բայց դա չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությանը վնասող արտահայտություններով, ուստի խստորեն դատապարտվում է ցանկացած անհարգելից գործողություն:
«Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,-ասաց նա և նշեց, որ հայտարարությունն ընդունվել է երկար քննարկումների, բազմակարծության արդյունքում:
21:21
ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը շարունակվում է: Դատավորները հայտարարության տեքստ են պատրաստում։
19:39
Դատավորների արտահերթ նիստը ընդմիջվեց: Դատավորները լրագրողներին հայտնեցին, որ քիչ անց նիստը կվերսկսվի, պաշտոնական հայտարարություն կտարածեն:
13:21
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:
Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Նրա որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
Դատավորների ընդհանուր ժողովը քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` Դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված: Դատարանների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում.
1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։
5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների:
Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս ողջ օրակարգը արդեն երկար ժամանակ մենք քննարկում ենք ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, և ես հույս ունեմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին:










