IUNetworks-ը 10 տարեկան է (տեսանյութ, լուսանկարներ)

14:36 • 29.05.19

IUNetworks-ը նշել է գործունեության 10-ամյակը։ 10 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է ոչ միայն իրականացնել բազմաթիվ նախագծեր, այլ նաև գրավել առաջատար դիրքեր ծրագրավորման ոլորտում։

«IUNetworks ընկերությունը կարողանում է Հայաստանում ստեղծել միջազգային կարգի արտադրանք, փորձարկել Հայաստանում և արտահանել: Ես կարծում եմ, որ այս մոդելը շատ կարևոր է Հայաստանի համար: Կարևորում եմ այլ ընկերությունների հետ  IUNetworks-ի համագործակցության պատրաստակամությունը»,- ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մեր հիմնական ձեռքբերումը  մեր հայկական պրոդուկտներն են, որոնց միջոցով համարձակություն ունեցանք մասնակցել միջազգային մրցույթների: Մրցակցել ենք շատ ճանաչված կազմակերպությունների հետ, թե՛ Ավստրիայից, թե՛ Ավստրալիայից, թե՛ ԱՊՀ երկրներից: Մեզ վստահել են Տաջիկստանի և Ղրղըզստանի կառավարությունները, և մենք հիմա այդ երկրներում մատակարարում ենք էլեկտրոնային կառավարման ավտոմատացման ծրագրեր: Մասնավոր սեկտորի լուծումներով էլ ունենք արդեն հաջողություններ Վրաստանում, շուտով նաև Իտալիայում»,- ասաց IUNetworks ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանը:

IUNetworks-ի հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որը ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և IU Networks ընկերության կողմից մշակվող «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի լուծումների շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կարող են «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման և թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները: Այս ծրագիրը IU Networks ընկերությունն իրականացնում է նաև ռումինական, ռուսաստանյան և բելառուսական ընկերությունների հետ կոնսորցիումով։

Լինելով առաջատար պետական ծրագրերի ավտոմատացման հարթակում՝ IUNetworks ընկերությունն ունի մշակված լուծումներ նաև մասնավոր սեկտորի համար: Օրինակ՝ հեռահաղորդակցության և հաճախորդների սպասարկման ոլորտում: 2019 թվականի մարտ ամսին UNetworks ընկերությունը լոնդոնյան Call & Contact Center համաշխարհային էքսպոյին ներկայացավ իր Contact Center և SupportBot լուծումներով, որոնք կոչված են նվազեցնելու հաճախորդների սպասարկման կենտրոնների ծախսերը և մեծացնելու աշխատանքի արդյունավետությունը:

Այս 10 տարիների ընթացքում բոլոր ծրագրերն ստեղծվել են բացառապես ընկերության հայ մասնագետների կողմից, իսկ ընկերության աշխատակիցների թիվը 10 աշխատակցից հասել է 230-ի:

Հայկական կապիտալով կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականին: Ունի Հայաստանի պետական ավտոմատացված լուծումների ամենամեծ մատակարարի ճանաչում (ծրագրային լուծումներ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության համար):  IUNetworks ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում է: Ունի 200-ից ավել նախագիծ, 100-ից ավել հաճախորդ, 50-ից ավել միջազգային գործընկեր:

IUnetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը, հիմնադրված լինելով 1999թ.-ին, իր գործունեության ընթացքում ստեղծել է հաջողած ավելի քան 15 հայկական ընկերություններ և ներկայումս միավորում է 3000-ից ավելի աշխատակիցների։