«Քանթրիի արքա» Գլեն Քեմփբելի մոտ Ալցհեյմերի հիվանդություն է հայտնաբերվել
«Քանթրիի արքա» Գլեն Քեմփբելը People ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդություն։
Երաժիշտը երկար տարիներ տառապել էր հիշողության ժամանակավոր կորուստով, բայց «Ալցհեյմերի հիվանդություն» ախտորոշումը հաստատվել է ընդամենը կես տարի առաջ։
Քեմփբելի վերջին՝ Ghost on the Canvas ալբոմը լույս կտեսնի այս տարվա օգոստոսի 30-ին։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Քրիս Այզեկը, Դիք Դեյլը, Բիլլի Կորգանը, Բրայան Սետցերը։ Ալբոմի թողարկումից հետո երաժիշտը, մտադիր է մեկնել համերգային շրջագայության։
«Քանթրիի արքան» սկսել է իր գործունեությունը որպես կիթառահար Լոս Անջելեսում, նվագել Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, The Beach Boys-ի հետ։
1960-ականների երկրորդ կեսին Քեմփբելը սկսեց մեներգչի իր կարիերան ու արագորեն հայտնի դարձավ։ Իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական կարիերայի ընթացքում Քեմփբելը թողարկել է ավելի քան 70 ալբոմ 45 միլիոն օրինակով։
2005թ. նրա անունը տեղ գտավ Քանթրի երաժշտության փառքի սրահում։










