Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի՝ 2014 թ. վճիռը՝ Մամեդովի գործով

21:51 • 31.05.19

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը որոշում է հրապարակել «Իլգար Մամեդովն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացակարգի վերաբերյալ:

Ինչպես ասվում է հրապարակված դատավճռում, Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել 2014 թվականի մայիսի 22-ի ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը, որով ընդդիմադիր գործիչ Մամեդովի կալանավորումն անօրինական էր ճանաչվել: 

Նախարարների կոմիտեի՝ ընդդեմ Ադրբեջանի հարուցած գանգատի հիման վրա ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին մասը՝ չկատարելով Եվրոպական դատարանի 2014թ․ վճիռը Իլգար Մամեդովի գործով։

Իլգար Մամեդովը տարիներ շարունակ գործունեություն է ծավալել տարբեր քաղաքական կազմակերպությունների կազմում, ինչպես նաև ներգրավված է եղել տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքում: 2008-ին դարձել է «Հանրապետական այլընտրանքային շարժման» համահիմնադիրը, 2012-ին դարձել է շարժման նախագահը:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից իր պարտականությունները չկատարելու մասին գործի քննությունն սկսվել է 2017-ի դեկտեմբերի 5-ին: Նրա կալանքի անօրինականության մասին որոշումը վերջնական ընդունվել է 2014-ի հոկտեմբերի 13-ին:

Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013-ի փետրվարին՝ Իսմայիլում տեղի ունեցած անկարգությունների գործով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2018-ի օգոստոսին Շեքինի դատարանն ազատ էր արձակել նրան՝ փոխելով ժամկետը: 2019-ի մարտի 28-ին Գերագույն դատարանը նրան ազատել էր հետագա պայմանական պատժից՝ 2 տարի փորձնական ժամկետով: