Համացանցում հայտնված ձայնագրությունը չի վերաբերել վարչապետի այցի ընթացքում հայերի մեքենաները ստուգելուն. Ղազախստանում ՀՀ դեսպան

17:53 • 03.06.19

Վարչապետ Փաշինյանի Ղազախստան կատարած այցի ընթացքում բոլոր հայերի ավտոմեքենաները ստուգելու մասին հրահանգները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Նշենք, որ Ղազախստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Կալայչիդին հայտարարել է, որ ներկայում ստուգում է անցկացվում մայրաքաղաք Նուր Սուլթանի ոստիկանության և սահմանային անվտանգության վարչության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Բաուրժան Խանտեմիրովի հայտարարության տեսատարբերակի տարածման առնչությամբ:  

Ինչպես նշում է nur.kz-ն, սոցցանցերում տարածվող տեսանյութում Խանտեմիրովը կոչ է անում ստուգել «հայկական պետհամարանիշերով մեքենաները» և նախազգուշացնում է, որ եթե դրանց վերաբերյալ արձանագրություններ չկազմվեն, առավոտյան դասակների բոլոր հրամանատարները պետք է բացատրականներով իր մոտ ներկայանան:

Հարցի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանից, ով ևս հաստատեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Համացանցում հայտնված ձայնագրությունը չի վերաբերել վարչապետի այցի ընթացքում ինչ-որ վերահսկողություն կատարելուն: Խոսքը այն մասին է, որ վերջին շրջանում ընդհանրապես Հայաստանից բավականաչափ ավտոմեքենաներ են ձեռք բերում Ղազախստանի քաղաքացիները և պետհամարանիշները չեն փոխում, թողնում են հայկական համարները, իսկ հետո, երբ երթևեկության կանոնների խախտում են թույլ տալիս, հետագայում իրենց տուգանելը խնդիրների հետ է կապված»,-ասաց նա:

Դեսպանը շեշտեց, որ խոսքը վերաբերում է հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին, որոնց ղեկին 99 տոկոսով Ղազախստանի քաղաքացիներ են և մեքենաները ձեռք են բերել Հայաստանից: Նա նշեց, որ դա ո՛չ հայերի հետ է կապված, ո՛չ էլ որևէ կերպով վարչապետի այցի հետ: