Ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել, հանցագործին վնասազերծելիս պետք է պատերով տալ․ ԱԺ նախագահը՝ վարչապետի հայտարարության մասին

18:53 • 06.06.19

Բռնության կոչերին և անիշխանության շարունակաբար իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին և գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ամբողջ ուժով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե կառավարության նիստի ժամանակ ինչ սևազգեստ խմբերի մասին էր խոսում վարչապետը, օպերատիվ ինչ տվյալներ ունեն։

«Այդպիսի խմբերը, անհատները փորձում են քաոս առաջացնել»,- հավելեց ԱԺ նախագահը: Միրզոյանն անուններ չհնչեցրեց, միայն ասաց, որ այն, որ շեշտվել է սևազգեստների խմբեր, հիմնված է եղել կոնկրետ օպերատիվ տեղեկատվության վրա։

Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք վարչապետը երբ խոսում է ասֆլատին փռելու մասին, բռնության կոչ չէ և նաև մյուսներին օրինակ չէ, Արարատ Միրզոյանն ասաց․ «Կա պետության ուժ կիրառելու իրավունք: Պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքերում…եթե հանցագործ պետք է վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ: Ոնց ուզում եք՝ մեկնաբանեք: Ոչ մեկը չփորձի բանդաներ ստեղծել, պետությունն իրավասու է սահմանված ձևով այդ բանդաների ստեղծումը կանխարգելել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստի ընթացքում խոսելով բռնության կոչերի դեմ պայքարի մասին, ասել էր, որ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք:

Tert.am-ը Արարատ Միրզոյանից նաև հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանին ուղղված պատասխանի մասին՝ բանակցությունների փաստաթղթերին և կասկածների դեպքում քննարկումներին վերաբերող, ինչին ի պատասխան նա նշեց, որ մանրամասներին չի տիրապետում, բայց վարչապետը ինչպես ասել է, վստահաբար այդպես կա։

 

 

 

Ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել, հանցագործին վնասազերծելիս պետք է պատերով տալ․ ԱԺ նախագահը՝ վարչապետի հայտարարության մասին