Անցումային արդարադատության և վեթինգի երկարաժամկետ գործողությունների ծրագրում գուցե սահմանադրական փոփոխություններ լինեն. փոխնախարար (տեսանյութ)

13:48 • 13.06.19

ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի կարծիքով՝ անցումային արդարադատության և վեթինգի հետ կապված առանձին դեկլարատիվ օրենքների ընդունումը արդյունավետ չեն:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ սա համակարգային փոփոխությունների փաթեթ պետք է լինի և անցումային արդարադատության մասին առանձին օրենք չպետք է լինի։

«Անցումային արդարադատությունը գործիքակազմ է և ոչ թե գործընթաց: Նույն կերպ վեթինգի մասին առանձին օրենքն արդյունավետ լինել չի կարող»,– ասաց նա:

Հարցին՝ այս գործընթացների արդյունքում հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ լինեն, Վարդապետյանն ասաց. «Եթե երկարաժամկետ գործողությունների ծրագրում սահմանադրական բարեփոփոխումների անհրաժեշտություն լինի, շեշտում եմ երկարաժամկետ, որովհետև սահմանադրական բարեփոխումների գործընթացը առնվազն 1-1,5 տարի է տևում, գուցե սահմանադրական փոփոխություններ կլինեն: Բայց ինչ վերաբերում է վեթինգի գործընթացին, ապա դա բացառապես գործող Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու: Որևէ այլ արտագործընթաց չի լինելու: Փաթեթը կարող է տարբեր անուն ունենալ՝ բարեվարքության գնահատում, վեթինգ՝ նայած ինչ տերմինաբանություն կընտրի կառավարությունը, բայց դա բովանդակային մասով բան չի փոխում»:

Հարցին՝ կարող ենք ասել, որ արդարադատության նախարարը հրաժարական տվեց, որովհետև այդ վեթինգի նախագծի վրա թերի էր աշխատում, փոխնախարարն ասաց՝ ոչ, նման բան չենք կարող ասել:

Անցումային արդարադատության և վեթինգի երկարաժամկետ գործողությունների ծրագրում գուցե սահմանադրական փոփոխություններ լինեն. փոխնախարար (տեսանյութ)