Ամեն ինչ որոշում են պատվիրատուի ճաշակը, ցանկություններն ու հնարավորությունները. դիզայներ/ոճաբան Նարինե Սարգսյանը պատմում է մասնագիտության դժվարությունների և առանձնահատկությունների մասին
Ամենօրյա աշխատանքային հանդիպումներ և շփումներ, պայմանավորվածություններ, տարատեսակ խորհուրդներ եւ երկարատև խորհրդակցություններ թե՛ հաճախորդների, և թե՛ աշխատանքային թիմի հետ՝ հանրությանը գեղեցիկը մատուցելու և ընտանեկան առիթներն անկրկնելի դարձնելու նպատակով: Չնայած լարված աշխատանքային ժամանակացույցին դիզայներ/ոճաբան Նարինե Սարգսյանը հասցնում է նաև մասնակցել մասնագիտական տարբեր հավաքների և կոնգրեսների: Tert.am-ը զրուցել է Նարինե Սարգսյանի հետ ընտրած մասնագիտության դժվարությունների և առանձնահատկությունների մասին:
- Նարինե, մեզ հայտնի է դարձել, որ այս տարվա մարտին Դուբայում կայացել է հարսանյաց կազմակերպիչների և ձևավորողների 6-րդ միջազգային կոնգրեսը, որին Դուք մասնակցել եք որպես ոչ միայն Հայաստանում հայտնի դիզայներ ոճաբան, այլ նաև որպես մի մասնակից, որի աշխատանքները ներկայացվել են այդ կոնգրեսի նոմինացիաներից մեկին: Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք այդ միջոցառմանը և ի՞նչ տվեց անձամբ Ձեզ և Ձեր բիզնեսին դա։
- Անկեղծ ասած, տարիներ շարունակ հետևելով միջազգային լրահոսին, տեղեկացված էի, որ տարին մի քանի անգամ, տարբեր երկրներում կազմակերպվում են հարսանյաց կազմակերպիչների և ձևավորողների ամենամյա հանդիպումները, որին մասնակցում են ոչ միայն հայտնի կազմակերպիչներն ու ոճաբանները, այլ նաև հարակից ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ հայտնի հյուրանոցային համալիրների և տուրիստական կազմակերպությունների թոփ մենեջերները, ձայնային և վիզուալ էֆեկտներ ապահովող միջազգային ճանաչում ունեցող փորձագետները, աշխարհով մեկ բնական ծաղիկների խոշորագույն մատակարարները, և այլն:
Լինելով իրազեկված այս ամենի մասին, ամեն տարի որոշում էի, որ այս անգամ պետք է մասնակցեմ, սակայն ինչ-որ բան խանգարում էր այդ որոշումս ի կատար ածելու: Այնպես ստացվեց, որ այս տարի ամուսինս, ով հանդիսանում է նաև լիիրավ իմ գործընկերն այս բիզնեսում, պնդեց, որ մենք պետք է մասնակցենք այդ կոնգրեսին, ինչպես նաև ներկայացնենք մեր կողմից կատարված աշխատանքները: Հայտը լրացրեցինք և ներկայացրեցինք, որին հաջորդեց կազմակերպիչների կողմից մեր գործունեության մասին հայցվող տեղեկատվության տրամադրումը: Այդ ժամանակ էլ իմացանք, որ մեր ներկայացրած աշխատանքները կազմակերպիչների կողմից հավանության են արժանացել և մեր կազմակերպությունը ներկայացվել է նոմինացիայի որպես «DWP ACE PLANNER AWARD» (Եվրոպա, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ) մրցանակի թեկնածու, իսկ հաղթողն ընտրվելու էր համացանցային քվեարկության միջոցով: Ժամանելով Դուբայ՝ հասկացանք, որ կազմակերպիչները ջանք չեն խնայել այն գեղեցիկ, հետաքրքիր, բովանդակային ելույթներով ու բիզնես հանդիպումներով հագեցված դարձնելու համար: Այդ երեք օրերն անցան շատ արագ, ինչպես հեքիաթում, բայց դարձան անմոռանալի, և չնայած այն հանգամանքին, որ համացանցային քվեարկության արդյունքում մրցանակի արժանացավ Եվրոպայից մեկ այլ հայտնի կազմակերպություն, մենք վերադարձանք Հայաստան՝ լիովին բավարարված այդ այցելությունից, քանզի բացի վառ հիշողություններից մենք ձեռք բերեցինք նաև նոր կապեր և նոր գործընկերներ, որոնց հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ փոխշահավետ համագործակցության տեսանկյունից:
- Կներկայացնե՞ք, թե ինչ տվեց այն Ձեր բիզնեսին կամ ի՞նչ հետագա զարգացումներ եք պլանավորում Ձեր ոլորտում:
- Լինեմ անկեղծ, չեմ ցանկանա բացել այս պահին մեր բոլոր խաղաքարտերը, սակայն նշեմ, որ բանակցությունների ընթացքում մենք հստակ հասկացանք մի բան, որ տարիներ շարունակ մեր գործունեությամբ աջակցել ենք Հայաստանում հարսանյաց տուրիզմի զարգացմանը, մասնավորապես, յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ից և այլ երկրներից Հայաստան բերելով ամուսնացող զույգեր և կազմակերպելով նրանց առիթները մենք աջակցել ենք ոչ միայն Հայաստանում հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի և դրանց ենթակառուցվածքների, այլ նաև հարակից ձայնային, վիզուալ և նմանատիպ այլ ծառայություններ ապահովող կազմակերպությունների զարգացմանը:
- Իսկ ավելի կոնկրե՞տ, ինչպե՞ս եք դա իրականացրել:
- Որպեսզի լինեմ լակոնիկ, ասեմ որ մենք տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներից ամեն տարի ստանում ենք բազմաթիվ հրավերներ՝ մեկնել այդ երկիր և այնտեղ կազմակերպել և իրականացնել զույգերի հարսանյաց հանդեսների ձևավորումը: Հաշվի առնելով մեր աշխատանքային խիտ ժամանակացույցն ու արտերկրում նախատեսվող աշխատանքների հետ կապված որոշակի բարդությունները, մենք սկսեցինք զույգերին ներկայացնել հայրենիքում նման միջոցառման իրականացման այլընտրանքային տարբերակները և դրա առավելությունները, ինչը շատերի կողմից ողջունվեց, իսկ հետագայում հաջողված միջոցառումների մասին լուրերն սկսեցին շատ արագ տարածվել սփյուռքում, որն ավելի աշխուժացրեց տուրիզմի այս արագ զարգացող ուղղությունը, ուստի մեզ համար արդեն զարմանալի չէ, որ այսօր հանրապետությունում հարսանյաց միջոցառումների իրականացման համար նախատեսված նոր կառուցվող դահլիճների քանակն արագ աճում է: Ըստ էության, հաշվի առնելով այսօրվա մեր հարսանյաց սրահների մեծությունը, ներքին և արտաքին ձևավորման գեղեցիկ ոճն ու լուսային և ձայնային նորագույն տեխնիկայով հագեցվածությունը, Հայաստանն ունի մոտ ապագայում հարսանյաց միջոցառումների տարածաշրջանային կենտրոնի վերածվելու մեծ պոտենցիալ:
- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ոլորտը թե՛ հնարավորությունների, և թե՛ դժվարությունների տեսանկյունից այսօր և 10 տարի առաջ, երբ սկսում էիք Ձեր գործունեությունը:
- Ժամանակը հոսում է և միաժամանակ մոռացվում են նաև թե՛ նախկին ձևավորման ոճերը, և թե՛ ձևավորմանը ներկայացվող պահանջները: Փոխվում է նաև մարդկանց ճաշակը և ի հայտ են գալիս նորանոր մոտեցումներ, ձևավորման նյութեր և դեկորներ, փոխվում են ձևավորման մասշտաբներն ու որակական հատկանիշները: Երբեմն նայում եմ տարիներ առաջ իրականացված աշխատանքներին և ներքուստ ժպտում, որ դա ժամանակին գեղեցիկ է համարվել: Ինչ վերաբերում է առաջ և հիմա հնարավորություններին և դժվարություններին, ապա կարելի է նշել, որ 10 տարի առաջ ոլորտն այսքան զարգացած չէր, զգացվում էր նաև ձևավորման նյութերի պակաս, ինչպես նաև դերակատարներն այսքան շատ չէին և զարգացած: Այսօր ոլորտային զարգացումները շատ արագ են ընթանում, անգամ ամեն օր զգում ես փոփոխություններն ու եթե չհետևես ներկայիս տենդեցներին և դրանց պահանջներին, ապա շատ կարճ ժամանակահատվածում դուրս կմղվես շուկայից: Առանձնակի ուշադրություն եմ ուզում հրավիրել նաև ձևավորման մասշտաբների վրա, քանզի այսօր վերանորոգված կամ նոր կառուցված հարսանյաց դահլիճներն այնքան մեծ են իրենց չափերով, որ փոքր չափերի ձևավորումները պարզապես կորում են և չեն ստեղծում անհրաժեշտ էֆեկտը, ինչն իր հերթին թելադրում է նյութերի և ծաղիկների հավելյալ ծախսեր և մասշտաբային դեկորացիաների ստեղծմանն ուղղված մեծ ներդրումներ: Սա այն միակ ոլորտներից է, որտեղ շատ բարձր է թե՛ կիրառվող նյութերի մաշվածությունը, և թե՛ մեծ է միանվագ և արագամաշ նյութերի ամենօրյա ծախսը: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ նշել աշխատանքին տրամադրվող ժամանակի ծախսը, քանզի հաճախ մեկ օրվա համար 24 ժամը բավական չի լինում անել այն, ինչ պլանավորում ես:
- Նարինե, իսկ ինչպե՞ս եք ընտրում տվյալ միջոցառման դիզայնը, խնդրում եմ մի փոքր պատմեք ձևավորման գործընթացի և նյութերի ընտրության մասին:
-Ամեն ինչ որոշում են պատվիրատուի ճաշակը, ցանկություններն ու համապատասխան հնարավորությունները: Յուրաքանչյուր աշխատանք մշակվում է մեր ստուդիայում, հաճախ շաբաթներ ու անգամ ամիսներ տևող քննարկումների, չեղարկումների և նորանոր առաջարկությունների արդյունքում: Այսպես, նախ՝ ծնվում է գաղափարը. հաճախորդի հետ զրուցում ենք, քննարկումներ ունենում, որոնք արդեն նշեցի կարող են ամիսներ տևել: Երբեմն հաճախորդը հասկանում է, որ այն, ինչ իրենք պատկերացրել են, իրականում այնքան էլ համապատասխան չէ տվյալ ռեստորանի դիզայնին, ընտրած տորթին կամ միջոցառման այլ դետալին: Ձևափոխումներ են արվում, կան շատ նուրբ պահեր, որոնց վրա ծախսում ենք ահռելի ժամանակ: Մեր խորհրդակցությունների ընթացքում սկսում ենք քննարկել ամեն ինչ՝ ռեստորանի գույնից, մինչև զգեստը, նոր միայն հանգում վերջնական որոշման:
Ձևավորումներում օգտագործում ենք երբեմն բնական, երբեմն արհեստական ծաղիկներ: Ներկայումս մեծ տարածում են գտել բնականից չտարբերվող արհեստական ծաղիկները, որոնք գումարային առումով ավելի մատչելի են հաճախորդի համար և արտաքին տեսքով գրեթե ոչ մի բանով չեն տարբերվում բնական ծաղիկներից: Համեմատության համար ասեմ, որ 10 տարի առաջ մենք չունեինք արհեստական ծաղիկների այսքան մեծ տեսականի, ինչն այսօր մեզ մեծ հնարավորություններ է ընձեռում տարաբնույթ գեղեցիկ ձևավորումներ ստանալ:
- Բացի հարսանեկան, ծննդյան և նմանատիպ այլ առիթներից Դուք ժամանակ առ ժամանակ համագործակցում եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ գեղեցկացնելով նաև նրանց տեսահոլովակները: Ասում են, որ այս հարցում Ձեզ վստահում են շատերը, այդ թվում՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը և այլք:
- Այո՛, համագործակցում ենք, երբ ստանում ենք համագործակցության առաջարկություն, իսկ վերջին շրջանում նման առաջարկությունները շատացել են: Նման համագործակցության հիմք է հանդիսանում այն, որ մեր ճաշակն ու պայմանները համապատասխանում են նրանց սպասումներին և ներկայացվող պահանջներին, ուստի առ այսօր չի եղել որևէ դժգոհություն մեր կողմից կատարված աշխատանքներից:
- Հետևելով միջազգային ստանդարտներին, ի՞նչն եք առավել կարևորում:
- Իհարկե, հետևում ենք միջազգային ստանդարտներին և հետևում ենք նաև ձևավորման նորանոր տենդենցներին: Բայց այս ամենի մեջ ամենաառաջնայինը մեզ համար դա դահլիճում անվտանգության խնդիրներ են, քանզի մեր դեկորացիաները հաճախ լինում են շատ մասշտաբային և մեծ, ուստի մենք շատ ենք կարևորում այդ դեկորացիաների անվտանգ և անվնաս շահագործումը և հենց դա է պատճառը, որ մենք վերջին տարիներին արժանացանք որակի միջազգային ստանդարտների պահպանման ոսկե մրցանակին:
- Եվ վերջում, լինո՞ւմ են արդյոք հիասթափություններ, և եթե այո, ապա ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:
- Այո՛, լինում են նաև հիասթափության պահեր, երբ անգամ մտածում եմ, որ թող կորչի այս ամենը, քանզի շատ ու շատ եմ հոգնում, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ իմ ստեղծած գեղեցկությունն ու հարսիկի աչքերում հիացմունքն ու երջանկությունը, ամեն նեգատիվ անցնում է ետին պլան, և ցանկություն է առաջանում նորից արարել ու արարել….


















