Արմեն Ղազարյանին (Պզո) չեմ ճանաչում, մեկ անգամ գտնվել ենք նույն սրճարանում՝ տարբեր մարդկանց հետ. Հայկ Սարգսյան (տեսանյութ)

18:56 • 28.06.19

Իրականում ես չեմ հայտնվում որևէ սկանդալի կիզակետում, համենայն դեպս վերջին մեկ տարվա ընթացքում, այդպես որոշ լրատվամիջոցներ են ներկայացնում, հաճախ ինձ կապում են մարդկանց հետ, ում ես ընդհանրապես չեմ ճանաչում կամ երբևէ չեմ տեսել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով մամուլի այն լուրերի մասին, թե իր վարքագիծը մտահոգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե համաձայն մամուլի հրապարակումների՝ ինքը քրեական հեղինակությունների հետ կապ ունի, ուրբաթ օրն էլ ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, և ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որն առավել հայտնի է որպես «Չաղ Ռուստամ», եղել են «Լա Սկալա» սրճարանում, խրախճանք են կազմակերպել (ardaily.am), Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ամիսներ առաջ ինձ կապում էին մեկ այլ քրեական հեղինակության հետ, ում ես երբևէ չեմ տեսել:Էս վերջում էլ ձեր նշած մարդու հետ են կապում, ում հետ ես մեկ անգամ գտնվել եմ նույն սրճարանում, բայց նա եղել է լրիվ այլ մարդկանց հետ, իմ սեղանին չի նստել, ես եղել եմ իմ ընկերների հետ:Երևանում շատ հեշտ է լինել մի սրճարանում տարբեր մարդկանց հետ, ում հետ կարող են կապել ձեզ, ինչը ես անթույլատրելի եմ համարում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նշվում է, որ կա տեսանյութ, որը կարող է հրապարակվել, Հ. Սարգսյանն ասաց, որ ինքը մտահոգվելու առիթ չունի, կարող է լինել տեսանյութ, որտեղ ինքն ու որևէ անձ նույն վայրում են, բայց դա չի նշանակում, որ իրար հետ են:

«Ասում էին, թե ինձ ինչ-որ մեկը զրոներով համար է նվիրել: Չեմ էլ իմացել, որ նման թաղապետ ենք ունեցել: Կոռուպցիոն ռիսկեր էին տեսնում, բայց նման բան չկար»,- նշեց նա:

Հայկ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այս տեղեկությունների հետ կապված իր հետ չի զրուցել, քանի որ դրանք աղերս չունեն իրականության հետ, փորձում են իր, ինչպես նաև իշխանությունների ու վարչապետի բարի համբավի հետ խաղել:

«6 գործով դիմել եմ դատարան, առաջիկայում դատական պրոցեսը կսկսվի ու տեսնենք, թե ինչ են անելու, իմ բարի համբավի հետ խաղալով ինչի են հասնում»,- նշեց նա:

Մանրամասները ՝ տեսանյութում:

 

 

Արմեն Ղազարյանին (Պզո) չեմ ճանաչում, մեկ անգամ գտնվել ենք նույն սրճարանում՝ տարբեր մարդկանց հետ. Հայկ Սարգսյան (տեսանյութ)