«Պատմական» և «զարմանալի». Հս. Կորեան անդրադարձել է Կիմ Չեն Ըն-Թրամփ հանդիպմանը

10:06 • 01.07.19

Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը, որը 2018թ. ամռանից ի վեր արդեն երրորդն է, «պատմական» և «զարմանալի» է որակել:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ապագայում սերտ կապի մեջ մնալ և վերսկսել այս տարվա փետրվարից ի վեր փակուղու առջև հայտնված միջուկային բանակցությունները:

Հայտնի է, որ հանդիպումը կայացել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտում: Այսպիսով՝ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ոտք է դրել հյուսիսկորեական հողի վրա:

«Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պատմական ձեռքսեղմում են ունեցել Փհանմունջոմում, ինչը զարմանալի իրադարձություն էր: Առաջնորդները համաձայնել են ապագայում սերտ կապի մեջ լինել և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով վերսկսել արդյունավետ երկխոսությունն ու առաջընթաց ապահովել»,-հայտնել է հյուսիսկորեական պետական KCNA լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև աննախադեպ վստահություն կա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին հայտնել է, որ բանակցային նոր փուլը կարող է սկսվել արդեն հուլիսին:

Հավելենք, որ երկու պետությունների բանակցային գործընթացի առանցքային թեման Փհենյանի վիճահարույց միջուկային ծրագիրն է: Վաշինգտոնը պահանջում է սառեցնել այն, մինչդեռ Փհենյանը որպես պահանջի բավարարման նախապայման ցանկանում է տարածաշրջանում ամերիկյան ագրեսիայի մակարդակի նվազում տեսնել: