Անհեթեթության վրա ժամանակ ծախսել պետք չէ. Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի առաջարկների մասին (տեսանյութ)

12:54 • 04.07.19

Վեթինգի վերաբերյալ մենք բարձրացրել ենք մի շարք հարցեր: Առանց այդ հարցերին պատասխանելու քաղաքականություն մշակողները, կարծում եմ, չպետք է ձեռնամուխ լինեն քայլեր կատարելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է իմ մոտեցմանը, ապա ես կարծում եմ, որ վեթինգի նախադրյալներ չկան Հայաստանում: Գործիքները, որոնք մեզանում առկա են, թույլ են տալիս մեզ բացահայտել ոչ իրավաչափ ճանապարհով  ստացած գույքը:  Ընդ որում, եթե որևէ մեկը ջանք գործադրի և բացի, օրինակ, Դատական օրենսգրքի այն դրույթները, որոնք վերաբերում են դատավորի կողմից գույքի հայտարարագրմանը, նվերներ ընդունելուն և այլն, կբացահայտի, թե ինչպիսի կոշտ կարգավորում ենք մտցրել 2008 թվականին»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը չի պատկերացնում, որ որևէ մեկը կարող է ավելի կոշտ մեխանիզմներ առաջարկել, պարզապես հիմա պետք է դրանք կիրառել:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանի դռները փակելու կոչին՝ նա նշեց, որ ինքը չի մտնի քննարկումների մեջ, թե արդյոք այդ քայլը Սահմանադրության տապալում է, թե՝ ոչ: «Նուրբ իրավական կատեգորիա է: Այն, որ քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, միանշանակ է,  որ սա ճնշում չէր դատարանների վրա, միանշանակ է: Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեր երկրում չեն լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ դա մի վտանգավոր քայլ է, որի վրա կարող է հաջորդ իշխանությունը «մեկ պլանկա ավելացնել»:

Նա ափսոսանք հայտնեց, որ վարչապետի շրջապատից մեկը նրան հետ չի կանգնեցրել:

Պատասխանելով դիտարկմանը, թե վարչապետն ասում է, որ դատարանները զանգերով էլ են վճիռներ կայացնում, Դավիթ Հարությունյանը նշեց․ «Դա հերթական քաղաքական հնարքն է, որն օգտագործում է վարչապետը՝ քողարկելու, օրինակ, իր սխալ քայլը՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ: Քննարկումն այլ ուղղությամբ է տանում»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ վստահ է, որ որևէ մեկը դատավորին չի զանգում, և դա քննարկման թեմա չէ:

Մեկ այլ հարցի, թե արդյոք իր կարծիքով Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, նախկին նախարարը պատասխանեց․ «Որևէ ճգնաժամ չկա: Անգամ եթե ես հայտարարեմ, որ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջացնում: Սահմանադրական դատարանի դատավոր  Գրիգորյանի հայտարարածը ճգնաժամ չի նշանակում և չի վկայում ճգնաժամի մասին»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունն ապահովում է խոսքի ազատությունը: Անդրադառնալով Վահե Գրիգորյանի առաջարկներին և պատասխանելով հարցին, թե որն է ինքը ընդունում, նա պատասխանեց․

«Ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին իմ կողմից անհեթեթ  համարվող առաջարկությամբ: Ոչինչ: Որովհետև անհեթեթության վրա ժամանակ ծախսել պետք չէ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: