Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է 

23:17 • 04.07.19

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային: Այս պահին նա գտնվում է «Զվարթնոցի» ոստիկանության գծային բաժնում:     

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Իմ պաշտպանյալին, առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա: Երկու ժամ է, ինչ ոստիկանները թույլ չեն տալիս ինձ տեսակցել իմ պաշտպանյալին:

Սրա համար պատասխան են տալու, Արդարադատության նախարարության աշխատողը, երկու ժամ է, թույլ չի տալիս տեսակցել իմ պաշտպանյալին: Իմ պաշտպանյալի թռիչքը ժամը 9:10 է, նրան ապօրինի գողացել են, չկա դատարանի որոշում, արդեն ցերեկվանից տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնել եմ նրան, հիմա գտել եմ «Զվարթնոցում»»: 

Հարցին, թե մասնավորապես ինչ պատճառաբանությամբ թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին, Մելքոնյանն ասաց, որ տարբեր անհիմն պատճառաբանություններ են բերում, ասում են՝ իրենք չեն պատասխանատուն ու թույլ չեն տալիս: 

«Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»,-ասաց պաշտպանը: 

Մելքոնյանը  «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններից հարցրեց, թե արդյոք ունեն հանցագործության մասին հաղորդում տալու ձևաթուղթը, և ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում առ այն, որ իր պաշտպանյալին առևանգել են և ցանկանում են տեղափոխել Ֆրանսիա: 

«Վճռաբեկ բողոք ունենք գործով, որոշում չկա, նիստ չի եղել, և առանց օրինական ուժի մեջ մտած վճռի, ինքնադատաստանով մարդուն արտահանձնում են Ֆրանսիա, ապօրինի: Սա անձի առևանգում է»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ միջադեպին իրավական ընթացք է տալու:   

 

 

Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է