Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Գևորգ Դանիելյան
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն իր դիրքորոշումն է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.
«Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ):
Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը: Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական ...»:
Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն:
Կոնվենցիայի հոդված 3-ը սահմանում է հիմնական հասկացությունները.
«Կանանց նկատմամբ բռնություն»-ը հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում ու կանանց նկատմամբ խտրականության ձեւ եւ նշանակում է գենդերային հիմքով այն բոլոր բռնարարքները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս կամ տառապանք պատճառելուն, այդ թվում՝ այդպիսի բռնարարքների սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայական զրկումը՝ լինեն դրանք հանրային, թե անձնական կյանքի մակարդակով։
«Ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։
«Գենդեր» նշանակում է հասարակության ներսում ձեւավորված դերեր, վարքագիծ, գործունեություն եւ առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց եւ տղամարդկանց համար։
«Գենդերային բռնություն կանանց նկատմամբ» նշանակում է բռնություն, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն։
Հավելենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը Հայաստանում շարունակում են շիկանալ. դրան նպաստեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգևորիչ է համարել: Մի շարք իրավագետների կարծիքով՝ կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը:










