Գեղարքունիքի մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը և Սևանի քաղաքապետը լողացին Սևանա լճում՝ ցույց տալու, որ աղտոտվածության որևէ խնդիր այդ հատվածում չկա. տեսանյութ

12:35 • 15.07.19

14:51

Մի քանի տնտեսվարողների հետ Սևանի լճում լողալուց հետո լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ջուրն անվտանգ է:

Նրա խոսքով՝ մի քանի անգամ ջրի փորձաքննություն է իրականացվել և վերջին արդյունքների համաձայն՝ ջրիմուռների ակտիվությունը նվազում է: Սանոսյանը նաև նշեց, որ այն հատվածներից, որտեղ ավելի շատ թվով մարդիկ են այցելում, պարբերաբար իրականացվում ու իրականացվելու են ջրի փորձաքննություններ:

Մարզպետն այս խնդրի երկարաժամկետ լուծումը տեսնում է լճի մակարդակի բարձրացման մեջ, սակայն դա, ըստ նրա, պետք է իրականացվի՝ շրջակայքը նախապես մաքրելով. «Այս խնդիրը նոր չէ, 2011-12 թ. սկսած՝ լճի մակարդակը չի բարձրացվել, մինչև 2011 թ. լճի մակարդակը բարձրացվել է և բացասական գործոններ չեն եղել, սակայն դրանից հետո այդ բացասական գործոնները գլուխ են բարձրացրել: Իսկ ամենագլխավոր պատճառը կլիմայի գլոբալ տաքացումն է, ինչի դեմ պետք է պայքարել: Պետք է ափերը մաքրել ու ջրի մակարդակը բարձրացնել»:

14:35

Համապատասխան մարմինները նշել են, որ Սևանի որոշակի հատվածներում կա խնդիր, այսինքն՝ եթե մենք ուշադիր լինեինք այդ հայտարարություններին, ապա այնտեղ շատ հստակ նշվում է, որ ամբողջ լճի մասին չի խոսքը, այլ լճի որոշ հատվածների: Սևանի ափին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Վերջին օրերին այն հատվածներում, որտեղ նկատվել էր ջրիմուռների ակտիվ աճ, հիմա նկատվում է նվազում և վառ արտահայտված կանաչ գույնը նահանջում է: Հիմա մենք կարող ենք շրջել ու տեսնել, որ այս հատվածում որևէ խնդիր չկա և լողալու համար որևէ վտանգ չկա: Սա անզեն աչքով կարող ենք տեսնել, իսկ մասնագիտական կարծիքի համար պետք է հետևել համապատասխան մարմինների հայտարարություններին»,-ասաց Սանոսյանը:

Հարցին՝ ցուցարարները նշում էին, որ Սևանի աղտոտվածության մասին հայտարարությունները միտումնավոր են, որ Սևան ավելի քիչ թվով մարդիկ այցելեն, Դուք միտում տեսնու՞մ եք, մարզպետն ասաց՝ փաստն այն է, որ լիճն ամբողջությամբ կեղտոտ չէ և ամբողջությամբ մաքուր չէ. «Պարզապես այնպիսի տպավորություն է, որ լիճն ամբողջությամբ այլ պատկեր ունի, բայց այսօր դուք տեսնում եք, որ այստեղ կանաչ պատկեր չկա: Այսինքն՝ լճի որոշ հատվածներում կա խնդիր և այդ հատվածներում խնդիրը փորձում են լուծել»:

Մարզպետ Սանոսյանը հորդորեց բնակիչներին ճանապարհ փակելու փոխարեն ցույց տալ բոլորին, որ լճում որևէ խնդիր չկա, մարդիկ լողում են Սևանում և որևէ խնդիր չկա:

Մարզպետը նշեց, որ պատրաստվում է այս պահին տնտեսվարողների հետ միասին լողալ Սևանա լճում:  Լրագրողներին պարզաբանումներ տալուց հետո Գեղարքունիքի մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը, ինչպես նաև Սևանի քաղաքապետը մտան լիճն ու ու լողացին՝ ցույց տալու, որ աղտոտվածության որևէ խնդիր այդ հատվածում չկա:

14:11

Սևանի լողափերի տնտեսվարողները մարզպետի ու քաղաքապետի հետ Սևանի լողափում են: Եկել են ապացուցելու, որ լճում լողալը վտանագավոր չէ։   

13:48

Սևանի լողափերի տնտեսվարողները փակել են Գագարին գյուղի ճանապարհը: Ցուցարարներին են մոտեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:

Սանոսյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լիճը զգալիորեն մաքրվել է կանաչ ջրիմուռներից: Սանոսյանը նաև հորդորեց բացել ճանապարհն ու գնալ լողափ, սակայն ցուցարարները չեն համաձայնում ու պահանջում են, որ իրենց հանդիպեն Կառավարության պատկան մարմինները:

Ցուցարարների մոտ եկավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Վերջինս հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը, սպասել մինչև չորեքշաբթի, եթե համապատասխան հայտարարություն չլինի պատկան մարմինների կողմից ու հարցին լուծում չտրվի, նորից փակել ճանապարհը:

«Եթե Կառավարության անդամները մինչև չորեքշաբթի հայտարարություն չանեն Սևանի վերաբերյալ, ապա ես էլ կգամ ու էս մարդկանց հետ կփակեմ ճանապարհը: Ես չեմ կարող ասել, որ Սևանը մաքուր է, իրենք պետք է ասեն, բայց Սևանը մաքուր է, ի՞նչ է եղել: Ճիշտ է, մի պահ անցնելուց նկատել եմ, որ կանաչ է, բայց երեկ չէ առաջին օրը անցել եմ, լրիվ մաքուր էր: Եթե կա բան, թող հայտարարեն: Եթե թունավորված է լիճը, ձկները ինչի՞ չեն սատկում»,-ասաց Միքայելյանը:

Ցուցարարները, լսելով Սասուն Միքայելյանի հորդորը, բացեցին ճանապարհը:

13:00

Երևան-Սևան մայրուղին փակած Սևանի լողափերի տնտեսվարողները բացեցին ճանապարհը և գնացին Գագարին գյուղ, որպեսզի փակեն ճանապարհի այդ հատվածը, քանի որ վարորդները շրջանցում էին փակ ճանապարհը և երթևեկությունը շարունակում Գագարին գյուղի միջով, իսկ այս դեպքում այլևս նման հնարավորություն չի լինի։  



12:35


Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև գնացել Սևանի քաղաքապետարան, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ:

Վերջիններս հայտնել են, որ կխոսեն կառավարության պատկան մարմինների ղեկավարների հետ և կհայտնեն այդ մասին տնտեսվարողներին: Այնուհետև տնտեսվարողները Սևանի քաղաքապետարանի դիմացից հայտնեցին, որ Սևանի կանաչելու պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ, հարկեր չեն վճարելու, իսկ նախարարությունները հայտնում են, որ Սևանում լողալը վտանգավոր է, ինչի հետ տնտեսավարողները համաձայն չեն և պահանջում են, որ նախարարները հայտնեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ: Այնուհետև որոշում կայացրին փակել Երևան-Սևան ճանապարհը:

Գեղարքունիքի մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը և Սևանի քաղաքապետը լողացին Սևանա լճում՝ ցույց տալու, որ աղտոտվածության որևէ խնդիր այդ հատվածում չկա. տեսանյութ