Թրամփը հայտարարել է Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի դադարեցման մասին

10:10 • 17.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա՝ նշելով, որ Անկարան այլևս կարող է չակնկալել ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերումը, գրում է ria.ru-ն:

Ուրբաթ Ռուսաստանը սկսել է զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։ Ընդհանուր առմամբ 4 օրում «Մյուրթեդ» ավիաբազա է ժամանել 13 ինքնաթիռ՝ C-400-ների բաղադրիչներով:

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի և Թուրքիայի պայմանագիրն «անարդար» է անվանել: Նա հիշեցրել է, որ Անկարան պատվիրել է հարյուր F-35 կործանիչ։  Ընդ որում՝ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարողանա ավելին գնել»՝ C-400-ի գործարքի պատճառով։

«Նրանք շատ լուրջ իրավիճակում են հայտնվել: Մենք Միացյալ Նահանգներում նույնպես այդպիսի իրավիճակում ենք հայտնվել: Բայց ընդհանուր առմամբ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թուրքիան մտադիր է եղել գնել ամերիկյան Patriot համակարգերը, սակայն Բարաք Օբամայի վարչակազմը հրաժարվել է վաճառել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընտրել է պատժամիջոցների երեք փաթեթներից մեկը, որը դեռևս պետք է արժանանա Թրամփի հավանությանը: Հաղորդվում է, որ վարչակազմը մտադիր է պատժամիջոցների մասին հայտարարել այս շաբաթվա վերջին։ 

Թրամփը հայտարարել է Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի դադարեցման մասին