Տավուշի մարզպետարան աշխատանքի համար դիմել է մոտ 70 քաղաքացի. մարզպետարանը հաշվառել է 320 թափուր աշխատատեղ

23:26 • 22.07.19

Աշխատանք գտնելու ակնկալիքով վերջին օրերին Տավուշի մարզպետարան է դիմել մոտ 70 քաղաքացի։ Մարզպետարանը պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ հաշվառել է 320 թափուր աշխատատեղ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը:

Նրա խոսքով՝ 320 թափուր աշխատատեղերն առկա են ճանապարհաշինության, տեքստիլի և սպասարկման ոլորտներում: Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար մարզպետարանն աշխատում է և՛ մասնավոր կազմակերպությունների, և՛ զբաղվածության պետական գործակալության հետ:

«Գործակալությանը դիմում են գործատուները և ասում են, որ ունեն այսքան աշխատողների, մասնագետների կարիք, այսքան աշխատավարձով: Աշխատանք փնտրող քաղաքացիների հիմնական հոսքը եղել է հուլիսի 19-ին: Մեր մոտեցումը հետևյալն է՝ դիմումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացու հետ և առաջարկում կոնկրետ աշխատանք»,- հայտնեց Գագիկ Աղբալյանը:

Տավուշի մարզպետի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ առաջարկվող աշխատանքների դիմաց վարձատրությունը միջինում 8-15 հազար դրամի սահմաններում է:

«Ճանապարհաշինության ոլորտում աշխատավարձերն այդքան էլ ցածր չեն: Այս պահին Տավուշի մարզում 120 կմ ճանապարհ է կառուցվում՝ միջին վերանորոգում, հիմնանորոգում և այլն, բայց բանվորական կամ այլ մասնագիտական կազմի մեջ այլ մարզերի բնակիչները շատ են: Ընկերությունների ղեկավարներն ասում են՝ մենք էլ կուզենք տեղացիները աշխատեն, որովհետև այլ մարզերից աշխատողների դեպքում ընկերությունների համար լրացուցիչ ծախսեր են առաջանում՝ կապված կեցության հետ: Վերլուծության հարց է, թե ինչու մարդիկ չեն ցանկանում  բարձր աշխատավարձով գնան, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին մասնակցեն»,- նշեց նա:

Գագիկ Աղբալյանի խոսքով՝ 320 աշխատատեղերն ամբողջ մարզի մասշտաբով են՝ Իջևանում, Դիլիջանում և այլ համայնքներում:

«Աշխատատեղեր կան, որ նոր չեն, այնպես չէ, որ բողոքի ալիք եղավ և արհեստականորեն ինչ-որ աշխատատեղեր են ներկայացվում: Սրանք վաղուց կան, բայց վերլուծության հարց է, թե ինչու մարդիկ չեն ձգտում թեկուզ 100 հազար կամ ավելի բարձր աշխատավարձով հենց այսօր աշխատել: Օրինակ, Բերդի տեքստիլի գործարանը վաղուց ուզում է լրացուցիչ աշխատողներ, մասնագետներ: Իրենք նաև վերապատրաստում են, մարդկանց սովորեցնում են կարել, բայց ցանկացողները քիչ են»,- ասաց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակը: