Վիեննայում մեկնարկել է Իրանի և միջազգային միջնորդների «հնգյակի» հանդիպումը՝ նվիրված միջուկային գործարքի պահպանմանը

17:18 • 28.07.19

Վիեննայում ընթանում է Իրանի և միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հանդիպումը` Թեհրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բանակցություններն, ինչպես և նախորդ տարիներին, անցկացվում են Palaus Coburg հյուրանոցում: Համատեղ հանձնաժողովի ներկայիս նիստը, ինչպես ակնկալվում է, կդառնա նախապատրաստություն նախարարական մակարդակով բանակցություններին, որոնք ուղղված կլինեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկությանը:

Հանդիպումը տեղի է ունենում Պարսից ծոցում լարվածության սրման ֆոնին, որի հիմքում ընկած է լարվածությունը ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլև Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև:

Ռուսական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է կոչ անել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքին առնչվող էսկալացիոն քայլերից, սակայն պատասխանատվություն պետք է ցուցաբերեն գործարքի բոլոր մասնակիցները: