ԿԺԴՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ երկու բալիստիկ հրթիռ է արձակել

10:36 • 31.07.19

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) Ճապոնական ափերի շրջանում չորեքշաբթի լուսադեմին փոքր հեռահարության նոր բալաստիկ հրթիռներ է փորձարկել, հաղորդում է BBC-ն՝ Հարավային Կորեայի զինվորականների տարածած հաղորդագրությանը հղումով:

«Մեր զինված ուժերն այսօր լուսաբացին՝ ժամը 05.06-ին և 05.27-ին (տեղական ժամանակով) արձանագրել են, որ Վոնսան քաղաքի Կալմա թերակղզու շրջանում փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ են արձակվել ծովի հյուսիս-արևելյան ուղղությամբ»,- հայտարարել Է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն հայտարարել է, որ հրթիռները հաղթահարել են 240-ից 330 կիլոմետր հեռավորություն: Նրանց թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 30 կմ։

Հյուսիսային Կորեայում հրթիռների նոր արձակումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Փհենյանը հուլիսի 25-ին փորձարկումների ժամանակ փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել: Այս փորձարկումները Փհենյանը կատարել էր Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է 2017 թվականին՝ ԿԺԴՀ-ի կողմից մի շարք հրթիռային արձակումների և միջուկային փորձարկումների անցկացումից հետո: Դրան հաջորդել էին նոր պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վատթարացումը:

ԿԺԴՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ երկու բալիստիկ հրթիռ է արձակել