«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերիի կրտսեր եղբայրը կնկարահանվի Արցախյան հակամարտության թեման արծարծող ֆիլմում
Հայկական արմատներով ռուսաստանաբնակ ռեժիսոր Ռոբերտ Դեֆն Արցախյան հակամարտության թեման արծարծող ֆիլմ է նկարահանում, որի գլխավոր դերում ֆրանսիացի հայտնի դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսին մարմնավորած Սամի Նասերիի կրտսեր եղբայրը՝ Բիբի Նասերին է: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
«Վալտեր» վերնագրով ֆիլմի պրոդյուսերներն են Կատերինա Միխայլովան և Կոնստանտին Ֆամը, գեղարվեստական ղեկավարը հայտնի կինոգործիչ Սիտորա Ալիևան է:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 90-ական թվականներին: Գլխավոր կերպարը՝ Վալտերը, Մոսկվա է մեկնել արտագնա աշխատանքի, որտեղ շինարարական աշխատանքների ղեկավար է:
Պատերազմի մասին ողբերգական լուրը ստիպում է նրան վերադառնալ հայրենիք՝ Արցախ, որպեսզի փրկի կամ թաղի մորը: Կինոնկարի ստեղծողների խոսքով՝ սա ներբող է որդիական սիրո մասին:
Օդանավակայանում Վալտերին դիմավորում է նրա զոհված ընկերոջ որդին, որի մայրն ու տատիկն անհետ կորել են, և նրանք միասին փուլ առ փուլ անցնում են հարազատների որոնման ճանապարհը:
Սյուժեն զարգանում է Ղարաբաղյան հակամարտության ֆոնին՝ պատերազմի պայմաններում: Ֆիլմի ընթացքում գլխավոր կերպարն ավելի ու ավելի է բախվում հայրենիքում տեղի ունեցող աղետալի դեպքերին:










