Երևան-Սևան պայթյունի վայրից մեքենան առևանգողը Մելիք Մանուկյանի որդին էր. իրավապահները մեքենան հետ են բերել (տեսանյութ)

18:04 • 02.08.19

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրը վերահսկվում էր ոստիկանության ծառայողների կողմից: Պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրեց դեպքի վայրից:

Tert.am-ի տեղեկություններով «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան դեպքի վայրից հեռացնողը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի(Շշի Մելո) որդին:

Tert.am-ի թղթակիցը տեսանկարահանել է, որ դեպքի վայրից հեռացվելուց հետո մեկ ժամ անց ոստիկանները մեքենան հետ են բերել դեպքի վայր:

Ավելի ուշ Ոստիկանության լրատվության վարչությունը հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ Երևան-Սևան ճանապարհի շշերի գործարանի հատվածում պայթյուն է եղել ինչի հետևանքով երկու մեքենա վնասվել է, վնասվել է նաև ճանապարհահատվածի ասֆալտը, պայթյունի հետևանքով տուժածներ չկան:


Քննչական կոմիտեից, ավելի ուշ, Tert.am-ը տեղեկացավ, որ պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 34-104 հոդվածի՝ մահափորձի և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով: